Հայաստանում անցկացված հարցումներով վերջին երկու ամիսներին ԱԺ ընտրություններին մասնակցել քաղաքացիների թիվն ավելացել է, վկայում են GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ MPG ընկերության հարցման տվյալները։ Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի ասուլիսի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Հակասնկային» անվանումն ստացած հեռախոսային հարցումն անցկացվել է Հայաստանի ամբողջ տարածքում՝ մայիսի 19-21-ը։ Հարցմանը մասնակցել է 1102 մարդ։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հարցվածների 59,3%-ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է քվեարկությանը։ Այս ցուցանիշը, Նավասարդյանի խոսքով, աճել է ապրիլի համեմատ․ ապրիլի սկզբին ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնել էր հարցվածների 51,9%-ը, ապրիլի վերջին՝ 57,5%-ի։ Հարցվածների 14%-ը նշել է, որ «ավելի շուտ» կմասնակցի ընտրություններին։
Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, հարցվածների 28,8%-ը կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 14,9%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 12,1%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ 5,8%-ը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին։
Նավասարդյանի տվյալներով՝ քաղաքացիների 50%-ից ավելին պատրաստ է փողոցային պայքարի, եթե ընտրությունները, իրենց կարծիքով, անարդար անցկացվեն․ 40,5%-ը պատասխանել է «միանշանակ այո», 10,8%-ը՝ «ավելի շուտ այո»։
Հարցման տվյալներով՝ քաղաքացիների 54,1%-ը նշել է, որ նկատել է ՔՊ-ի քարոզարշավը, 35,1%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքինը, իսկ 26,7%-ը՝ «Հայաստան» դաշինքինը։ Հարցվածների 32%-ը նշել է, որ որևէ քարոզարշավ չի տեսել կամ չի նկատել։ Հարցվածների 54,7%-ը նշել է, որ չի ծանոթացել որևէ կուսակցության նախընտրական ծրագրի։
«Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների 3,4%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 2,9%-ը, 2,8%-ը՝ Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը, 2,7%-ը՝ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությանը, 1,9%-ը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը, իսկ 1,7%-ը՝ «Հանրապետություն» կուսակցությանը։
1%-ից քիչ հարցված հայտնել է, որ աջակցում է «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությանը (0,5%), «Քոչարի․ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությանը (0,4%), Հայ ազգային կոնգրեսին (0,3%), «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցությանը (0,2%), «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը (0,2%), «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանը (0,1%), «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը (0,1%) և Ռեֆորմիստների կուսակցությանը (0,1%)։
Քարոզարշավին մարդիկ հիմնականում հանդիպել են սոցիալական ցանցերում (56,9%) և հեռուստատեսությամբ (48,6%)։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերները նշել է 26,1%-ը։
Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ ԿԸՀ-ում գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ կուսակցություններ և դաշինքներ, որոնք մասնակցում են նախընտրական պայքարին։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին։
