Գրասենյակի խուզարկությունից հետո ուժայինները ներխուժել են Թևանյանի բնակարան

Իրավապահ համակարգի աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանի բնակարանում՝ քաղաքական ուժի գրասենյակում կատարված խուզարկությունից հետո։ Իրադարձությունների վայրից ուղիղ հեռարձակումը՝ Armenia TodayYouTube-յան ալիքում։

Առավոտյան ուժային կառույցները խուզարկություն իրականացրին կուսակցության գրասենյակում, որի ընթացքում առգրավվեցին համակարգիչներ, հեռախոսներ և վերլուծական նյութեր։ Թևանյանը հայտարարեց, որ քննչական գործողությունները խոչընդոտում են քարոզարշավին և հանգեցրել են նախապես նշանակված ճեպազրույցի խաթարմանը։ Նա տեղի ունեցողը որակեց որպես քաղաքական ճնշում և նշեց, որ ուժայինների գործողությունները համակարգվում են քաղաքական մակարդակով։

Գրասենյակում խուզարկության ավարտից հետո ուժայինները Թևանյանի հետ մեկնեցին նրա բնակարան և քննչական գործողությունները շարունակեցին այնտեղ։

«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտնեց, որ դիմակավորված անձինք ու քննիչները բնակարան են մտել առանց նախնական ծանուցման, առանց դատավարական փաստաթղթեր ներկայացնելու և նախքան փաստաբանի ժամանելը։

Մանուկյանը նաև պնդել է, որ խուզարկությունից մի քանի օր առաջ վնասվել էր շենքի վերելակը, ինչն, ըստ նրա, բնակարան անարգել ներխուժելու նախապատրաստական գործողությունների մաս էր։ Նա նաև հայտարարեց, որ նկարահանման ընթացքում փորձել են իր ձեռքից խլել հեռախոսը և սահմանափակել տեսանկարահանումը քննչական գործողությունների որոշակի փուլերում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նշեց, որ կատարվողը քաղաքականապես ուղղորդված է և հանդիսանում է «վերևից եկած հրահանգ»։ Ըստ նրա՝ իրավապահների գործողությունները պայմանավորված են իշխանության ներկայացուցիչների վախերով՝ հետագայում պատասխանատվության ենթարկվելու հեռանկարի հետ կապված։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ դատախազը Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացրել՝ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ ԿԸՀ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ ստացել են միջնորդությունը։

Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին հայտարարությունից մեկ օր անց։

Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին՝ պատգամավոր լինելու ժամանակ խորհրդարանի՝ 2024-ի փակ նիստի տվյալների հնարավոր հրապարակման պատճառով։

Թևանյանն անհեթեթ էր անվանել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ 2023-ի մանդատը վայր էր դրել, և 2024-ին ֆիզիկապես չէր կարող ԱԺ-ում լինել։

Թևանյանը հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին պատգամավորության թեկնածու է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը։

Leave a Comment