Սպերցյանը լավագույնն է․ Մովսիսյանը՝ իր նախկին երկու թիմի սպասվող եզրափակչի մասին

Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում իր նախկին թիմերի միջև կայանալիք խաղի սպասելիքների մասին։ Մրցաշարի գլխավոր խաղը կկայանա այս կիրակի՝ մայիսի 24-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, մեկնարկը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին։

Մովսիսյանը մանրամասն անդրադարձել է «բուլերի» հարձակման առաջնորդների՝ Էդուարդ Սպերցյանի և Ջոն Կորդոբայի ուժեղ կողմերին և նշել, որ սպասվող խաղում իր նախապատվությունները բաժանված են հավասարապես։

«Սպերցյանը լավագույնն է բառացիորեն ամեն ինչում՝ դաշտը տեսնելու ունակություն, արագություն, տոկունություն, տակտիկական պատրաստվածություն և հոգեբանություն։ Եվ, միևնույն ժամանակ, նա շատ կայուն խաղացող է։ Նա չունի միայն մեկ ակնառու որակ, օրինակ՝ միայն արագություն կամ պարզապես տեխնիկա։ Նա լավն է բազմաթիվ առումներով»,- ասել է Մովսիսյանը։

Ինչ վերաբերում է Կորդոբային, ապա Մովսիսյանի խոսքով՝ նա ուղղակի «հրեշ է» խաղադաշտում և մղձավանջ ցանկացած պաշտպանի համար։

«Ո՞ւմ է այս տիտղոսն այժմ ավելի շատ անհրաժեշտ։ Ինձ համար նման ընտրությունը նման է հարցնելուն, թե ում եմ ավելի շատ սիրում՝ դստերս, թե՞ որդուս, իմ երեխաներից որին կցանկանայի տեսնել ավելի հաջողակ։ Երկու թիմն էլ հուսահատորեն կարիք ունեն այս տիտղոսի, քանի որ երկուսն էլ օբյեկտիվորեն արժանի են դրան։ Ես պարզապես ուզում եմ, որ հաղթի լավագույնը»,- ասել է Մովսիսյանը։

Մովսիսյանը երկու ակումբում անմոռանալի հետք է թողել․ «Կրասնոդարի» կազմում հարձակվողը դարձել էր Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու, որից հետո տեղափոխվել էր «Սպարտակ» և ապացուցել, որ նրանց հիմնական հարվածային ուժն է։

Leave a Comment