Քննչական կոմիտեն խստացնում է քրեական հետապնդման ժամկետների կառավարման կարգը․ նոր հանձնարարական

Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հանձնարարականը՝ քրեական հետապնդման ժամկետի կասեցնելու, վերսկսելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից տրված հանձնարարականը նպատակ ունի բարձրացնել քրեական հետապնդման ժամկետների կասեցման, վերսկսման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը՝ ապահովելով առավել հստակ ժամկետային կարգավորում և վերահսկողական մեխանիզմներ մինչդատական վարույթում։

Հրամանը հիմնված է «ՀՀ քննչական կոմիտե մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի վրա։ Փաստաթղթում ընդգծվում է, որ փոփոխությունների հիմնական նպատակը գործընթացների կարգապահության բարձրացումն է, ինչպես նաև դատավարական ժամկետների խախտումների նվազեցումը։

Հանձնարարականով սահմանվում է, որ քննիչները պարտավոր են՝

  • փորձաքննության եզրակացության կամ միջազգային իրավական օգնության պատասխանի ստացման դեպքում նույն օրը, իսկ անհնարինության դեպքում հաջորդ օրը ներկայացնել միջնորդություն հսկող դատախազին՝ կասեցված քրեական հետապնդման ժամկետը վերսկսելու վերաբերյալ,
  • քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը ներկայացնել ժամկետի ավարտից առնվազն 15 օր առաջ՝ բացառությամբ օբյեկտիվ անհնարինության դեպքերի։

Բացառիկ իրավիճակներում քննիչը պարտավոր է կազմել զեկուցագիր՝ հիմնավորելով ժամկետի չպահպանման պատճառները և նշելով միջնորդության ներկայացման կանխատեսվող ժամկետը։

Հրամանը նաև սահմանում է ներհամակարգային հաղորդակցության նոր կարգ․

  • զեկուցագրերի պատճենները պետք է անհապաղ փոխանցվեն Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին կամ համապատասխան գլխավոր վարչության պետերին,
  • քրեական հետապնդման ժամկետի ավարտի հիմքով դադարեցման որոշումները պետք է ուղարկվեն վերադաս մարմիններին և ներկայացվեն Քննչական կոմիտեի նախագահին։

Այս մեխանիզմը նախատեսում է վերահսկողության բազմաստիճան համակարգ՝ որոշումների ընդունման և փաստաթղթաշրջանառության ավելի թափանցիկ ընթացք ապահովելու նպատակով։

Հանձնարարականով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև փորձաքննությունների նշանակման և միջազգային իրավական օգնության հարցումների գործընթացներին։ Քննիչները պարտավոր են դրանք իրականացնել հիմքերի ի հայտ գալու պահից՝ առանց անհարկի ձգձգումների։

Միաժամանակ պահանջվում է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել միջնորդություններ՝ քրեական հետապնդման ժամկետի կասեցման վերաբերյալ, եթե առկա են համապատասխան հիմքեր։

Leave a Comment