Գործարանը կա, հումքը՝ ոչ. Հայաստանում տարեկան 20 հազար տոննա անվադող վառվում է աղբավայրում․ «Էկոսֆերա»

Տեղի ունեցավ «Հայաստանն արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ճանապարհին» համաժողովը, որի նպատակն է քաղաքացիական հասարակությանն իրազեկել Հայաստանում ներդրվող արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի մասին։ Խոսնակները ներկայացրեցին ինչպես ԱԸՊ գործիքը, այնպես էլ ԱԸՊ համակարգի բնապահպանական ու տնտեսական ազդեցությունը, համայնքների հետ իրազեկման աշխատանքների արդյունքները։

Հայաստանում տարեկան 700 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն է գոյանում։ Որքան էլ որ զարմանալի թվա, բայց Հայաստանում մեկ բնակիչը միջին վիճակագրական եվրոպացուց 2,5 անգամ քիչ թափոն է գոյացնում։

Այսինքն՝ մեր երկրի յուրաքանչյուր բնակիչն օրվա կտրվածքով գոյացնում է մինչև 800 գրամ կոշտ կենցաղային թափոն, իսկ եվրոպացին՝ 2-2,5 կգ։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, փորձագետ Հարություն Ալպետյանը ներկայացնում է, որ այս վիճակագրական ցուցանիշն ինչ-որ առումով բացատրվում է երկրի կենսաապահովման ցածր ցուցանիշներով. «Այսօր մենք ունենք100-ից ավելի շահագործվող բաց աղբավայր։ Կենդանիներն այդ աղբավայրերից սնունդ են հանում՝ տարածելով աղբը։ Այն տարածվում է նաև սելաֆների, անձրևաջրերի ու քամիների միջոցով՝ աղտոտելով շրջակա միջավայրը։ Սա նաև տեղական իշխանությունների պատասխանատվության ներքո է»։

Հայաստանում միայն Հրազդան համայնքում է գործում հանրապետության առաջին սանիտարական աղբավայրը։ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի փոխանցմամբ՝ աղբավայր մուտք գործող աղբը տոփանվում և կշռվում է։ Միայն Հրազդան խոշորացված համայնքից ամսական աղբավայր է տեղափոխվում 896 տոննա խառը աղբ։

Ի տարբերություն Հրազդանի, Աբովյան, Մեծամոր քաղաքներում, որտեղ ևս ուսումնասիրություններ են արվել, չկան սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրեր և տեսակավորման գործընթաց։ Փորձագետի խոսքով՝ կան բնակավայրեր, որտեղ նույնիսկ աղբամաններ չկան տեղադրված։  Այս համատեքստում նա կարևորում է հասարակական կազմակերպությունների դերը, որոնք կարող են դառնալ պետական մարմինների, բնակիչների միջև կապող օղակ։

Հայաստանում դեռևս խորհրդային տարիներից եղել է վերամշակման կուլտուրան, իր զեկույցում նշում է Հարություն Ալպետյանը, ապա մանրամասնում, որ թեև ունենք վերամշակման գործընթաց, սակայն միևնույն ժամանակ գործարանները կանգնած են հումքի պակասի խնդրի առջև. «Օրինակ՝ տարեկան գոյանում է 12 հազար տոննա ՊԷՏ տեսակի պլաստիկ (գազավորված ըմպելիքների շշեր և այլն)։ 12 հազարը մոտավորապես 400 մլ նշիշ է կազմում, որոնցից ընդամենը 1 տոկոսը չի գնում բնական միջավայր»։

Իսկ թե վերամշակող ընկերությունները հումքի մնացած մասն ինչպես են ստանում, Ալպետյանը պատասխանում է, որ շուրջ 20-30 տարի խոշոր համայնքների աղբավայրերում գործում են ոչ ֆորմալ աշխատողներ, որոնց միջոցով է կորզվում վերամշակվող աղբը։ Ինչ վերաբերում է վտանգավոր թափոններին, ապա Հայաստանում գոյանում է նաև 20 հազար տոննա անվադող, որոնց 80 տոկոսը չի վերամշակվում, վառվում է աղբավայրում։ Մինչդեռ մեր երկրում կա նաև անվադողների վերամշակման գործարան, բայց հումքը նրանց չի հասնում։ Ինչու մեր երկրում չի ստացվում անխափան կազմակերպել այս շղթան, Ալպետյանն իր դիտարկումն ունի.

«Նախևառաջ այս ամենն իրականացնելու համար պահանջվում է ծախս, որը վճարելու ցանկություն ոչ ոք չունի։ Կա մեծ միֆ, որ «զիբիլի մեջ փող կա»։ Իրականում աղբի գործածությունը եկամտաբեր չէ, հակառակը՝ ծախսատար է։ Այս ամենի համար պետք է վճարի աղբ գոյացնողը՝ սպառողը և արտադրողը, ինչպես ընդունված է շատ զարգացած երկրներում»։

Առաջարկվում է ՀՀ-ում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է կոնկրետ ապրանքների արտադրողների և ներմուծողների կողմից թափոնների որոշ տեսակների հետագա պարտադիր գործածության ապահովման համակարգ։ Օրենքի նախագիծը մշակման փուլում է։

Leave a Comment