Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ․Դ․-ին մեղադրանք է առաջադրվել ծառայակից զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2025 թվականի նոյեմբերի 21-ին, մարտական դիրքից վերադառնալիս, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում բռունցքով հարվածել և քաշքշել է կրտսեր սերժանտ Ա․Բ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Վ․Դ․-ին մեղադրանք է առաջադրվել, սույն թվականի մայիսի 21-ին գործ է մուտքագրվել Արարատի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նույն օրը մակագրվել է դատավոր Ռիմա Առաքելյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Վ․Դ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի կրակի աջակցման դասակի գնդացրային ջոկի հրամանատար-գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2025 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, թիվ X, մարտական դիրքից վերադառնալիս՝ ավտոմեքենայի թափքում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել նույն գումարտակի ականանետային մարտկոցի ԿԴ հաշվարկող, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա. Բ.-ի հետ, որի ընթացքում, խախտելով ՀՀ ԶՈԻ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդվածներով և ՀՀ ԶՈԻ Կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, բռունցքով մեկ անգամ հարվածել է կրտսեր սերժանտ Ա.Բ.-ի դեմքին և այլ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ՝ բռնելով նրա հագուստից, քաշքշել է՝ կրտսեր սերժենտ Ա.Բ.-ին պատճառելով ստորին շրթունքի ներսային մակերեսի պատռվածքի ձևով մարմնական վնասվածք:
Մեղադյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Վ․Դ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 521-րդ 1-ին մասով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: