
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է տեղի ունենում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը: Այլ մանրամասներ, թե ինչ գործի մասին է խոսքը, կառույցն առայժմ չի հայտնում:
Մարտուն Գրիգորյանն այս տարվա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակով է մասնակցում: Նախօրեին նա ԲՀԿ առաջնորդի հետ միասին Շիրակում քարոզարշավի էր մասնակցում:
Երեկ Քննչական կոմիտեն հաղորդել էր պետական դավաճանության և լրտեսության առերևույթ դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին: Ըստ ՔԿ-ի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստից տեղեկություններ է ստացել:
Քննչական կոմիտեն հայտնել է. «ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»:
Թևանյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր է դրել 2023 թվականի օգոստոսին: Քննչականի հաղորդագրությունը չի մանրամասնում, թե ինչպես են նրան հասանելի դարձել 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: