«Մայր Հայաստան» կուսակցության նախագահի դեմ հարուցված քրեական վարույթի մասին մանրամասները քննչական մարմինները կտեղեկացնեն ըստ պատեհության, այսօր լրագրողներին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնել է, որ գործի օպերատիվ հատվածը իրականացրել է վարչապետի ենթակա մարմինը` Ազգային անվտանգության ծառայությունը։
«Ես, բնականաբար, բոլոր մանրամասներին կարող եմ տեղյակ լինել, երկրորդ` երբ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար, դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Այսինքն` մենք հիմա էլ ուրիշ լրտեսության գործեր ունենք»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ լրտեսներին չեն բռնում, որովհետև նրանց օպերատիվ հետեւում են, որպեսզի ցանցերը բացահայտվեն, գործելակերպը բացահայտվի։
«Լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին և ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքությունն սպառվում է»,- ասել է վարչապետը։
«Հենց իմացանք լրտես է, գնալ, միանգամից բռնելը, կներեք, դա գրագետ չի, պետք է թողել իր կապերը տեսնել, տեսնել` ում հետ է աշխատում, ում է փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում ինֆորմացիա, ի՞նչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը, ինչի՞ մասին են այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարությունները ինֆորմացիա են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին. ու՞մ է ներգրավում, ո՞ր կուսակցության ցուցակում է հայտնվում, ո՞նց է հայտնվում էդ կուսակցության ցուցակում, էդ կուսակցության ղեկավարը ումի՞ց է ստանում հրահանգը, ինչու՞ է կատարում էդ հրահանգը, գիտակցու՞մ է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ…»,- գործի քննության ընթացքի մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը։
Այսօր առավոտյան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել էին «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ քննչական գործողությունների համար։ Լուրը եւ տեսանյութը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
Նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա քերական վարույթ է հարուցվել պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով։