Դատախազությունը քրգործեր է հարուցել Երվանդ Զախարյանի և Կամո Արեյանի նկատմամբ

ՀՀ դատախազությունը քրեական գործեր է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի մի քանի նախկին պաշտոնյաների նկատմամբ, հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով դատախազությանը։

Դատախազությունից թերթին հայտնել են, որ Զախարյանի նկատմամբ քեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Ըստ մեղադրանքի՝ Զախարյանը պետական սեփականություն հանդիսացող՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողեր) ցանկում ընդգրկված 6000 քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000 քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Նշվում է, որ օտարման ոչ ենթակա, ընդհանուր 197 միլիոն 712 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասերն ուղղակի վաճառքով օտարվել են հասարակական կազմակերպություններին:

Դատախազը քրեական հետապնդումներ է հարուցել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Գագիկ Մազմանյանի և Երևանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Կամո Արեյանի նկատմամբ:

Leave a Comment