Վարչապետի հետ միջադեպից հետո կալանավորված Օսիպյանը հացադուլ է հայտարարել

Վարչապետ Փաշինյանի հետ մայիսի 18-ին վիճաբանության մեջ մտած Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

Փաստաբանը հավելել է, որ բռնի տեղահանված Արցախի հեղափոխական կուսակցության նախագահը ձերբակալման պահից է հացադուլի մեջ։

Հովհաննիսյանը նշել է, որ այս քայլով Օսիպյանն իր դժգոհությունն է արտահայտում արդարադատության համակարգից։

Օսիպյանին ձերբակալել էին մայիսի 18-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած վեճից հետո։ Ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը՝ երկու ամիս ժամկետով։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն կիրառելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչպես նաև 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչությանը այլ կերպ խոչընդոտելը)։ Առաջադրված հոդվածներով առավելագույն պատիժը նախատեսում է մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում։

Leave a Comment