Թևանյանի փաստաբանները դատական հայցեր են պատրաստում Փաշինյանի դեմ – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներից հետո «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայտնել է նրա նկատմամբ իրավական գործընթաց նախապատրաստելու մասին։ Թևանյանի ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։

Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավին Փաշինյանը հայտարարել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին։ Փաշինյանը նաև նշել էր, որ այսօր ԱԱԾ-ն սահմանված կարգով հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե։

Թևանյանը հայտարարել է, որ որևէ իրավական գործընթաց չկա, եթերից է իմացել իր նկատմամբ հնարավոր քրգործի մասին և չգիտի՝ ինչ հիմքերով են իրեն նման արարքի մեջ մեղադրում։

Պատգամավորության թեկնածուն հայտարարել է, որ իր փաստաբանները մի քանի ուղղությամբ են պատրաստվում հայց ներկայացնել դատարան՝ զրպարտության, բարի համբավն արատավորելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Թևանյանը իր հասցեին հնչեցրած Փաշինյանի խոսքերը «հիմնազուրկ» է անվանել, միևնույն ժամանակ ինքն է Փաշինյանին մեղադրել «պետական դավաճանության» մեջ։

«Այս իշխանությունը մեզ հացրեց ողբերգական իրադարձությունների, ինչի հեղինակը, մասնակիցն ու հանցավոր կատարողը Փաշինյանն է, և իշխանափոխությունից հետո նա պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության է ենթարկվելու։ Նա շատ լավ գիտի դա, և հենց դա է պատճառը, որ այժմ նման գործողություններ է իրականացնում»,- հայտարարել է Թևանյանը։

Թևանյանը նաև նշել է, որ  Փաշինյանը հետագայում նաև պետք է բացատրի, թե ինչ է արել պետական պարտքի շուրջ 8 մլրդ դոլարի աճի հետ, քանի որ, նրա խոսքով, պարզ չէ, թե այդ միլիարդավոր միջոցներն ինչ ուղղություններով են ծախսվել։

«Փաշինյանը պետք է հետագայում պատասխանի, թե ինչպես ստացվեց, որ ինքը և իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, որոշ դեպքերում՝ միլիարդատերեր, որովհետև իր շրջապատի բիզնեսմեններից մեկի տարեկան մաքուր շահույթը 1 մլրդ դոլար է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պատասխան պետք է տրվի նաև Տավուշում իրականացված սահմանազատման և սահմանագծման գործընթացների համար, որոնց ընթացքում, ըստ նրա, Հայաստանը գնացել է միակողմանի զիջումների։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմանավորվածությունների տակ է մտել Փաշինյանը, և դրանից հետո պարզ կդառնա նրա ագրեսիվ վարքագծի պատճառը»,- հավելել է նա։

Նա պնդել է, որ «թուրք-ադրբեջանական և արևմտյան գլոբալիստական շրջանակները» Հայաստանի առաջ մի շարք պահանջներ են դրել՝ սկսած, իր ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքից», մինչև ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալը, ռուսական ռազմաբազայի հեռացումը, ատոմակայանի փակումը և հանքարդյունաբերության սահմանափակումը։

Նրա գնահատմամբ՝ այդ ամենը կարող է հանգեցնել Հայաստանի «ուկրաինացման» և տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման։ Նա նաև նշել է, որ այդ օրակարգին դեմ արտահայտվող քաղաքական ուժերին փորձում են ներկայացնել որպես «դավաճաններ»։

Թևանյանը երեկ նույնպես արձագանքել էր Փաշինյանի մեղադրանքին՝ հայտարարելով, որ Փաշինյանը քրգործեր հարուցելու հրապարակավ ցուցումներ է տալիս իրավապահ մարմիններին։

Leave a Comment