Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան հայկական կողմից պաշտոնական ծանուցում է ստացել ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու մասին։
Նա նշել է, որ նմանատիպ իրավիճակներ «նախկինում էլ կային» ԵԱՏՄ այլ երկրների ներկայացուցիչների կողմից, սակայն հավելել է, որ Հայաստանի դեպքում այն «արդեն դառնում է համակարգային»։
«Խնդիրը մի փոքր այլ է՝ այն արդեն դառնում է համակարգային, որը, ինչպես հասկանում ենք, ստեղծել է Փաշինյանը»,- հայտարարել է Զախարովան։
Նա նաև հիշեցրել է, որ կանոնների համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները պետք է մասնակցեն նիստերին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը վերահաստատել է Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և ԵԱՏՄ-ին լիարժեք մասնակցության անհամատեղելիությունը։ Նրա խոսքով՝ Մոսկվան ի սկզբանե հայտարարել է, որ անհնար է համատեղել ԵԱՏՄ անդամակցությունը «մեկ այլ ինտեգրացիոն բլոկի վերազգային կարգավորման մեխանիզմների» իրականացման հետ։
«Արևմտյան Եվրոպայի կառույցները վարում են ապակառուցողական, ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ անօրինական պատժամիջոցների քաղաքականություն»,- ասել է Զախարովան։
Վերջին շաբաթներին Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել երկու Միությունների միջև, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Փաշինյանի՝ եվրաինտեգրման կուրսը տանում է «հասարակության պառակտման» և ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի հնարավոր կորուստները գնահատել էր ՀՆԱ-ի 15-20%-ի չափով: Երևանում, միևնույն ժամանակ, վստահեցնում են, որ երկիրը դեռ չի պատրաստվում դուրս գալ Միությունից:
