«Միաժամանակ երկու հարսանիքում պարել Հայաստանի մոտ չի ստացվի». Գալուզին

«Հայաստանը չի կարող լինել և՛ Եվրասիական տնտեսական միությունում, և Եվրամիությունում, ինչպես ասում են՝ միաժամանակ երկու հարսանիքներում պարել Հայաստանի մոտ չի ստացվի», – ըստ РИА “Новости”-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հարևան երկրների հետ փոխգործակցության հարցերով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստից հետո։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Գալուզինը նաեւ հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որոնք մտադիր են պահպանել անդամակցությունը ԵԱՏՄ-ին, մինչև կստանան ԵՄ անդամակցություն։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաև մեղադրել է Արևմուտքին Հայաստանին Ռուսաստանի դեմ օգտագործելու փորձի մեջ և հայտարարել, որ երկրի անդամակցությունը Եվրամիությանը «պոպուլիստական կարգախոս է»՝ նման այն կարգախոսներին, որոնք նախկինում օգտագործվել են Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում։

Գալուզինը ԵՄ-ին մեղադրել է «առաջիկա ընտրությունների վրա ազդելու» փորձերի մեջ ու հայտարարել, թե «Ռուսաստանն, ի տարբերություն Եվրամիության, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»։

Մոսկվան հույս ունի, որ հայ հասարակությունը «կպահպանի սառնասրտությունը» և թույլ չի տա երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Leave a Comment