Արթուր Օսիպյանը կալանավորվել է Փաշինյանի հետ վիճաբանության գործով – armeniatoday.am

Մայիսի 18-ին քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը կալանավորվել է։

Նրա կալանավորման մասին հայտնել է Քննչական կոմիտեն, իսկ Օսիպյանի փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրել է, որ նրան կալանավորել են 2 ամսով։

Ըստ ՔԿ առաջադրած մեղադրանքների՝ Օսիպյանին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում։

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարցուցվել 3 հոդվածով․ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնել կամ քարոզել, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածել, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ)։

Օսիպյանին մեղադրում են նաև խուլիգանության, ինչպես նաև քարոզչություն կատարելուն հարկադրելու կամ խոչընդոտելու հոդվածներով (երկու հոդվածները միասին առավելագույնը 5 տարի ազատազրկում են սահմանում-խմբ․)։

Հոդվածներն առնչվում են Արաբկիրում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած վեճին և Օսիպյանի՝ դեռ մարտի 22-ին արված գրառմանը, որը ՔԿ-ն վարչապետի հասցեին «բռնություն գործադրելու հրապարակային կոչ» է համարել։

Օսիպյանն Արաբկիրում Փաշինյանին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Քաղաքական գործիչը նաև պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի (որն այժմ գտնվում է Բաքվի բանտում-խմբ․) կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել է նրան։

Փաշինյանը հրապարակայնորեն հնչեցրել էր քաղաքացու անունը և վերջինիս հասցեին օգտագործել «համբալ» որակումը։ Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Հայաստանի ղեկավարը նաև հավելել էր. «Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ»։ Օսիպյանին նույն օրը ձերբակալել էին։

Leave a Comment