Իշխանությունների հրահանգով խուզարկություններ են իրականացվում հանրային ակտիվ գործունեություն ծավալող արցախցիների տներում, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Խոսքն, ըստ թերթի, նախընտրական գործընթացներին ներգրավված, ընդդիմադիրների շտաբներում աշխատող արցախցիների մասին է։
Պարբերականի փոխանցմամբ՝ որպես պատրվակ օգտագործվում է «դիմակավորված արցախցիների» տեսանյութը, սակայն հենց իրենց՝ արցախցիների շրջանում տարածված է այն տեսակետը, որ դա իշխանությունների «բեմադրածն է»։
Համացանցում մայիսի 18-ին տարածված տեսանյութում մի խումբ դիմակավորված անձինք Արցախի բարբառով մեղադրանքներ էին հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ վերջինիս պատասխանատու համարելով Արցախի կորստի և Հայաստանի անվտանգային խնդիրների համար։ Բացի այդ, նրանք նշել էին, որ իրենք տեղեկացված են վարչապետի տեղաշարժերի մասին, պատրաստվում են գտնել և հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ։
Փաշինյանը, անդրադառնալով այս տեսանյութին, հայտարարել էր, որ բոլորի «մասկեքը հանելու է ու չոքացնելու»։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ սոցանցերում տարածված ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը «Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք է»։ Բեգլարյանի խոսքով՝ տեսանյութի նպատակն է Փաշինյանի համար ապահովել ատելության և բռնաճնշումների նոր հնարավորություն՝ ուղղված արցախցիների և ընդդիմադիր գործիչների դեմ։
