Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է Հայաստանի իշխանությունների այն պնդումները, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ունի Ռուսաստանի քաղաքացիություն։
«Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, բայց պնդում են, որ նա ունեցել է և ունի», – դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Գալուզինը նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին հաղորդագրությունն անվանել է «բացարձակ սուտ, լիակատար կեղծիք»։ Դիվանագետի խոսքով՝ լրատվամիջոցները «սնուցում են Ռուսաստանի դեմ լրտեսական մոլուցքի արշավ»։
Գալուզինը նաև հայտարարել է, որ «Հայաստանում ծավալվում է բացարձակապես անզուսպ հակառուսական արշավ»։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո դիվանագետը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները հակասում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն։
Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի նիստում քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը և հեռանկարները։ «Վերջերս Հայաստանի ղեկավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք ակնհայտորեն հակասում են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ոգուն և պարունակում են այդ հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկ», – ասել է փոխնախարարը։
Նա կրկնել է, որ Հայաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին և պահպանել իր անդամակցությունը ԵԱՏՄ-ում: «Մենք կողմ ենք Հայաստանի ուղղության վերաբերյալ հստակությանը, բայց ես դեռևս ժամանակացույցի վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չունեմ», – գործակալությունը մեջբերում է դիվանագետի խոսքերը, երբ հարցրել են, թե արդյոք Ռուսաստանը վերջնաժամկետ կսահմանի Երևանի համար՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև որոշում կայացնելու համար:
Նա նաև նշել է, որ Մոսկվան չի կարող ընդունել Երևանի քաղաքականությունը՝ պահպանել ԵԱՏՄ անդամակցությունը ԵՄ-ին միանալուց առաջ: Գալուզինի խոսքով՝ Մոսկվան զգում է, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ չէ ուշադրություն դարձնել Ռուսաստանի նախազգուշացումներին արևմտյան նպատակների վերաբերյալ:
