Գալուզին. Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ

Հայաստանը չի կարողանա միանալ Եվրամիությանը (ԵՄ) և պահպանել իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Դա նույնն է, ինչ փորձել միաժամանակ երկու հարսանիքի ժամանակ պարել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Իհարկե, միաժամանակ երկու միություններում լինելն անհնար է», – նշել է նա: «Ինչպես ասում են՝ Հայաստանը չի կարողանա միաժամանակ երկու հարսանիքի ժամանակ պարել»։

Փոխարտգործնախարարը ուշադրություն է հրավիրել Հայաստանի իշխանությունների հրապարակային հայտարարությունների վրա, որ իրենք բառացիորեն «ուրախ և երջանիկ» կլինեն, եթե Հայաստանը դառնա Եվրամիության անդամ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Երևանը բազմիցս հղում է կատարում անցյալ տարվա ապրիլի 4-ին ընդունված օրենքին՝ երկրի ԵՄ-ին անդամակցության գործընթացի վերաբերյալ։

«Այնուամենայնիվ, Հայաստանը նաև ստորագրել է ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետագա զարգացման վերաբերյալ հռչակագրերը՝ մինչև 2030 և մինչև 2045 թվականները ժամանակահատվածի համար», – հայտարարել է Գալուզինը։ «Այս փաստաթղթերում հստակ նշվում է, որ Հայաստանը, ինչպես ԵԱՏՄ մյուս անդամները, պարտավորվում է պահպանել պայմանագրի դրույթները և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կվտանգեն այն կամ կարող են խոչընդոտել կամ վտանգել եվրասիական տնտեսական ինտեգրացիան»։

«Մենք չենք կարող մոռանալ վերոնշյալ պայմանագրով և հռչակագրերով Հայաստանի պարտավորությունների մասին», – եզրափակել է նա:

Leave a Comment