20:00 Լուրերը մեկ տողով. Ռուսաստանը նոր պահանջներ է ներկայացնում Երևանին, Թրամփը ցանկանում է դառնալ Իսրայելի վարչապե՞տ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանի վերջին շրջանի արտաքին քաղաքականությունն ու ոչ բարեկամական քայլերը չեն համապատասխանում Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն:

•Մոսկվայում առաջարկել են ստեղծել դեպի Հայաստան ձգվող «Պուտինի ճանապարհ»՝ որպես հակակշիռ Ադրբեջանով անցնող և ԱՄՆ-ին փոխանցվող «Թրամփի երթուղուն»:

•Իսրայելական օդուժի կողմից Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին հասցված նոր հարվածների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 31 մարդ, կան տասնյակ վիրավորներ։

•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել իր ազդեցությունն Իսրայելում և կատակել, որ Ամերիկայում իր գործունեությունն ավարտելուց հետո պատրաստ է ստանձնել այդ երկրի վարչապետի պաշտոնը։

•«Մայր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում հայտարարել է Նուբարաշենում քաղաքական և կենցաղային աղբի վերամշակման կենտրոն ստեղծելու և հունիսի 7-ին գործող իշխանությանը հեռացնելու ծրագրերի մասին:

•Մեծ Բրիտանիայում ջրամատակարարող ընկերությունը սկսել է արհեստական բանականություն և արբանյակային տվյալներ օգտագործել ջրի թաքնված արտահոսքերը հայտնաբերելու ու օրական մինչև 100 միլիոն լիտր ջրի կորուստը կանխելու համար։

•Մայիսի 21-25-ին Հայաստանի առանձին շրջաններում և մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում և հնարավոր կարկուտ, իսկ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։

Leave a Comment