Ի՞նչ է խոստանում ընտրողին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը

Հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունը շարունակվում է։ Ընտրարշավի 19 մասնակիցները պայքարի տարբեր եղանակներ են ընտրել․ որոշ ուժեր նախընտրում են փողոց առ փողոց, բակ առ բակ հանդիպումները, մյուսները նախընտրում են գործել ապահով հեռավորությունից՝ սոցիալական ցանցերում։ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչները պայքարի երկրորդ տարբերակի կողմնակիցն են:

Արևային Հայաստան կառուցելու խոստմամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի անուն-ազգանգանունը ԿԸՀ-ի կայքում կարմիր գույնով ջնջված է։ Նա, ըստ հանձնաժողովի, չի կարող պատգամավորի թեկնածու լինել, քանի որ ԱՄՆ միգրացիոն դատարանի որոշմամբ անցնում է քրեական գործերով։ Այս հանգամանքը, սակայն, կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Աշոտ Մկրտչյանի կարծիքով, չի խանգարում, որ Ղուկասյանը վարի կուսակցության նախընտրական քարոզչությունը․

«Մեր թեկնածուն՝ պարոն Ղուկասյանը, բանտում է, իսկ մնացած թեկնածուները այսօր իրենց քարոզարշավն են անում, ժողովրդի մեջ են և այլն։ Բայց մենք հզոր ենք, մենք ունենք մեծ պոտենցիալ, մենք կարծում ենք, որ կարող ենք հասնել հաջողության, և մեր հաղթանակի շնորհիվ պարոն Ղուկասյանը կազատվի բանտից, կվերադառնա Հայաստան և կգլխավորի կուսակցությունը և մեր պետությունը, կդառնա վարչապետ»։

Քաղաքական այս ուժի ներկայացուցիչները վստահ են, որ մեծամասնություն կձևավորեն։ Ընտրողների հետ, սակայն, նախընտրում են ոչ թե դեմ առ դեմ՝ բակերում ու փողոցներում հանդիպել, այլ շփվել սոցցանցային հարթակում։ Կուսակցության նախընտրական ցուցակի 17-րդ համար, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը այսպես է բացատրում ընտրողի հետ համացանցային կապ հաստատելու որոշումը․

«Դուք նկատած կլինեք, որ մենք չկանք փողոցներում, որովհետև մենք ժողովրդին համոզելու ոչինչ չունենք, մենք ավելի քան վստահ ենք մեզ վրա, որ մենք անելու ենք այն ամենը, ինչը մեր առաջ խնդիր ենք դրել։ Իսկապես, թող բառս այդպես բան չհնչի, բայց մուրում են քվե, մենք քվե մուրալու խնդիր չունենք, որովհետև մենք ավելի քան վստահ ենք մեր ուժերի վրա»։

ԴՕԿ-ի ներկայացուցիչներն այնքան վստահ են իրենց ուժերին, որ չեն էլ մտածում այս կամ այն ուժին միանալու մասին․

«Մենք կարծում ենք, որ, այո՛, մենք ենք իշխանություն ձևավորելու, դրա համար որպես այդպիսին հարց մեզ համար, որ մենք մեր ձայնը ում տանք, մեզ համար առաջնային խնդիր չէ, մենք չենք գնում՝ մեր ձայները ինչ-որ մեկին տալու, մենք ավելի քան մեզ վրա վստահ ենք, որ մենք ենք լինելու իշխանություն»։

Իսկ իշխանություն դառնալու համար կուսակցությունը 37–էջանոց նախընտրական ծրագիր է կազմել։ Ընտրվելու դեպքում խոստանում է վերաիմաստավորել և զարգացնել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնել տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները, պետական անվտանգության նոր ռեժիմ մշակել, որտեղ բացի նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից և իշխող կուսակցության նախագահից՝ ուրիշ որևէ պաշտոնյա չի ունենա ծառայողական ավտոմեքենա, փոխարենը կստանա հավելավճար՝ վառելանյութի կամ տաքսիով երթևեկելու համար։

Կուսակցությունն անգամ նոր «Պետական ռեսուրսների օգտագործման սահմանափակման մասին» օրենքի հայեցակարգ է մշակել, որով առաջարկում է արգելել ծառայողական մեքենաների օգտագործումը պաշտոնյաների ընտանիքի անդամների համար։

Նախընտրական ծրագրի առանձին դրույթներին պարբերաբար անդրադառնում է Վարդան Ղուկասյանը բանտից արված ձայնագրություններով։ Նրա վերջին ուղերձը Գեղարքունիքի մարզի բնակիչների համար է․

«Իմ առաջնորդությամբ Գեղարքունիքի նկատմամբ իրականացվելու է հատուկ սոցիալ–տնտեսական զարգացման պետական ծրագիր։ Սևանը լինելու է պետական պաշտպանության հատուկ գոտի, Սևանի ափերը վերածվելու են միջազգային մակարդակի զբոսաշրջային և հանգստի կենտրոնների։ Գեղարքունիքի ձկնորսը պետք է ապրի արժանապատիվ, ոչ թե մշտական տուգանքների ու կոռուպցիոն ճնշումների տակ, ստեղծվելու են պետական վերահսկողության ձկնաբուծական ծրագրեր, վերամշակող գործարաններ, արտահանման ուղիներ։ «Սևանի իշխան» անունը պետք է դառնա հայկական որակի համաշխարհային խորհրդանիշ»։

Կուսակցության նախընտրական ծրագրում առանձին բաժին կա ոստիկանության վերաբերյալ։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Մկրտչյանը, որ մասնագիտությամբ ոստիկան է, մանրամասնում է․

«Մենք ունենք ոստիկանության բարեփոխումների ծրագիր։ Ընտրվելու դեպքում իրականացնելու ենք այդ ծրագիրը։ Ես մի առիթով ասել եմ, որ ոստիկանությունում բարեփոխումը համազգեստի և մեքենայի փոփոխություն չէ միայն։ Ոստիկանությունում համակարգային փոփոխություններ պետք է լինեն։  Առաջինը ոստիկանության ապաքաղաքականացումն է, մենք համարում ենք, որ ոստիկանությունը չպետք է ծառայի անձին, այլ ոստիկանությունը պետք է ծառայի ժողովրդին։ Ոստիկանությունը կորցրել է վստահությունը ժողովրդի»։

Քաղաքական ուժը խոստանում է բարելավել նաև ոստիկանների սոցիալական և բժշկական ապահովագրության երաշխիքները․

«Պետք է նաև այստեղ բժշկական ծառայությունը, սոցիալական, բնակարանային հարցերը լուծե։ Նաև չպետք է անտեսել ոստիկանության թոշակի գնացած անձանց, այսօր շատ ոստիկանության թոշակառուներ, ես գիտեմ, որ մեքենա են վարում՝ տուն պահելու համար աշխատավարձի բացակայության պայմաններում, թոշակը չի բավարարում և ստիպված տաքսու վարորդ են դառնում։ Ցավալի է տեսնել ոստիկանության սպային տաքսու ղեկին»։

Կուսակցության նախընտրական ծրագրում ուշագրավ է, այսպես ասենք, «Շերիֆի ինստիտուտի ներդրման» մասին տողը։ Այսպես, շերիֆը համայնքի ընտրած կամ իշխանության հաստատած անվտանգության ներկայացուցիչ է, որը պետք է ճանաչի համայնքի բոլոր բնակիչներին, պատասխանատվություն կրի նրանց մասնակցությամբ տեղի ունեցած քրեական և ոչ քերական բոլոր միջադեպերի համար։ Շերիֆը նաև համայնքում ոստիկանության հատուկ ստորաբաժանման ղեկավարն է լինելու, ունենալու է ծառայողական անկախություն օպերատիվ հարցերում, հաշվետու է լինելու ոստիկանությանը և իշխող կուսակցությանը։

Ընտրվելու դեպքում ԴՕԿ-ը նաև արդար դատաստան է խոստանում։ Սարգիս Արզումանյան․

«Կա այսպիսի մի առաջարկ և՛ նախկիններին, և՛ ներկաներին, որ մեղավորները,  ովքեր իսկապես կընդունեն իրենց մեղքը և կպատժվեն օրենքի ամբողջ ուժով, այդ մարդկանց մենք կընդունենք։Բայց ես ավելի քան վստահ եմ, որ նման բան չի լինելու, ոչ ոք էլ իր մեղքը չի ընդունելու, ոչ ոք չի պատժվելու, բնականաբար»։

ԴՕԿ-ի կարգախոսն է «Միասին կառուցենք արևային Հայաստան»։ Նախընտրական ցուցակի 93 անդամներից 7-ի պատգամավորական թեկնածությունը ԿԸՀ-ն մերժել է։

Leave a Comment