Խնդիրն, իրոք, առկա է, բռնատեղահանված տասնյակ հազարավոր արցախցիներ բնակվարձի, կոմունալ վճարումների հոգսի տակ են, իսկ Ստեփանակերտի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները ոչ միայն «ըստ պահանջի» են ապրում, այլև, ինչպես իրազեկ մարդիկ են պնդում, Երևանում և մարզերում ձեռնարկատիրական լայն գործունեություն են ծավալել։
Բայց, ինչպես ռուսներն են ասում՝ «մահակը երկու ծայր ունի»։ Բոլորս ենք ականատես եղել, թե «պատասխանատու» մամուլն ինչպես է արձագանքում ՊԲ որոշ զինվորականների դեմ հարուցված քրեական հետապնդմանը։ Տասնյակ օրինակներ կարելի է բերել, որ նրանք փորձել և փորձում են կասկածել անգամ լրտեսության մեջ մեղադրված Սարգիս Գալստյանի գործի «անաչառությանը»։
Հայտնի է Ստեփանակերտի և Մարտակերտի նախկին քաղաքապետերի գործը։ Նրանք մեղադրվում էին համայնքային գույքը տիրապետելու մեջ։ Եվ ի՞նչ հետևեց։ Շուրջ մեկ տարի փաստաբանները հոլովում էին մի հարց, եթե չկա ԼՂՀ-ն, ապա այդ մարդիկ ո՞ւմ են վնաս պատճառել։
Հիմա, ենթադրենք Հայաստանի Քննչական կոմիտեն Արցախի նախկին X պաշտոնյայի դեմ քրեական վարույթ է հարուցում և նրան առաջադրում առանձնակի խոշոր չափերի յուրացման մեջ։ Փաստաբանական նույն հիմնավորումը, որ չկա ԼՂՀ-ն, ՀՀ-ն չի կարող պահանջատեր լինել,- գործի չի՞ դրվելու։
Գործի է դրվելու, թող ոչ ոք չկասկածի։ Ավելին, ընդդիմությունը, նրան աջակցող փորձագետները, հայտնի Ռոբերտ Ամստերդամը աշխարհով մեկ տարածելու են, որ Նիկոլ Փաշինյանը «Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ինքնադատաստան է տեսնում»։ Քարոզչություն է ծավալվելու, որ «Արցախի ղեկավարների մի մասին Ալիևն է ապօրինի դատել, մյուսին Նիկոլն է դատում»։
Եվ ինչո՞ւ է «Արցախի հանցագործներին պատժելու անհրաժեշտություն» առաջացել հատկապես խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի փուլում։ Արթուր Օսիպյանի ձերբակալությունը, որի հիմքերը, մեղմ ասած, խնդրահարույց են, արդեն իսկ քաղաքական «գործոն է դառնում»։ Պատկերացնելի է, թե ինչ արձագանք կունենա Արցախի որևէ պաշտոնյայի նույնիսկ ՔԿ «հրավիրելը»։
2016թ․ մի շատ բարձրաստիճան պաշտոնյա պատմել է, որ երբ Սերժ Սարգսյանին հակաճառել է տարածքների հարցում, Հայաստանի նախագահը նրան հարցրել է խոշոր գումարներով վարկերի մասին, իսկ ինքը պատասխանել է․ «Ուրեմն և պատերազմական գոտում ապրեմ և մտածեմ վարկեր վերադարձնելու մասի՞ն»։ Ահա այդպես, դարձյալ ռուսների օգնությանը դիմենք․ «война все спишет»։