ՄԻՊ-ը հորդորում է քարոզարշավում բացառել խտրական և ատելություն տարածող խոսքը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել՝ պահանջելով նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերից և հանրային դերակատարներից հրապարակային խոսքում բացառել պիտակավորող, խտրական և ատելություն տարածող ձևակերպումները, տեղեկանում ենք ՄԻՊ էջից

«Անթույլատրելի են սեռի, հաշմանդամություն ունենալու, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրների, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների և նման այլ հիմքերով թիրախավորող արտահայտությունները»,- նշել է նա՝ հստակեցնելով՝ խոսքը «թուրք», «եզդի» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելու մասին է։

Ըստ օմբուդսմենի՝ շարունակվում են նաև կրոնական ազատությունների երաշխիքների պահպանման հետ կապված խնդրահարույց իրավիճակներ։

Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում հրապարակային խոսքի նման դրսևորումները, ինչպիսիք են եկեղեցու, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և աթեիստների թիրախավորման դեպքերը, վերջիններիս նկատմամբ խտրական, ատելության խոսքի դրսևորումները։

 

Leave a Comment