Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի ճանաչում Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանին. միջադեպ Քասախում


«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Քասախում բնակիչների հետ նախընտրական հանդիպման մեկնարկին միջադեպ է տեղի ունեցել, երբ ներկաներից մեկը նրան հարց է ուղղել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ հանդիպման մեկնարկը բնակիչներից մեկը Քոչարյանին հարցրել է․ «Ինչո՞ւ կրակեցիք մեր վրա», ինչին ի պատասխան Քոչարյանը հարցրել է՝ «Երբ»։Այնուհետև բնակիչը հարցրել է, թե արդյոք նա ճանաչում է Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանին։«Չէ, չեմ ճանաչում»,- պատասխանել է Քոչարյանը։Բնակիչն արձագանքել է․ «Գիտե՞ք, որ նրա երեխան անտեր է մեծացել», ինչին Քոչարյանը պատասխանել է՝ «Չէ, չգիտեմ»։


Դրանից հետո բնակիչը նշել է․ «Ես զարմանում եմ՝ Դուք ո՞նց եք մարդկանց մեջ մտնում»։Միջադեպից հետո Ռոբերտ Քոչարյանը, դիմելով ներկաներին, ասել է․ «Պետք չէ ուշադրություն դարձնել, սադրիչ է, խնդիրներ ունի»։Այնուհետև նա ելույթ է ունեցել՝ անդրադառնալով իշխանությունների վարած քաղաքականությանն ու անվտանգության հարցերին։«Մեր հիմնական թեզերից մեկը անվտանգության հարցերն են։ Անվտանգությունը պետք է լինի երաշխավորված»,- ասել է նա։Քոչարյանը նաև կոչ է արել հունիսի 7-ին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել:


Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը, որին երկրի ղեկը պետք է փոխանցվեր Ռոբերտ Քոչարյանից:


Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ՝ Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը: Զոհերից 2-ը՝ Տիգրան Աբգարյանը և Համլետ Թադևոսյանը, ոստիկանության աշխատակիցներ էին: 2025 թվականի սեպտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել էր 2008 թվականի Մարտի 1-ի գործով վճիռը, որով արձանագրել էր, որ այդ իրադարձությունների ժամանակ պետության կողմից խախտվել է մարդկանց կյանքի իրավունքը։«Հայաստան» դաշինքը մասնակցում է երկրում հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին:


Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը:


Leave a Comment