Ինձ համար վաղուց ջնջվել են բառի, երաժշտության, նկարչության սահմանները․ Արթուր Էլբակյան. «Վերնատուն»

Միացյալ նահանգներում բնակվող թատերական գործիչ, հեռուստահաղորդավար, գրող, նկարիչ Արթուր Էլբակյանը պատմում է իր ստեղծագործական փորձառության, Նկարիչների միությունում օրերս բացված «Գունային թերապիա» խորագրով ցուցահանդեսի մասին։

Այն հարցին, թե երկար տարիներ խոսքի, ձայնի, կերպարի ու բեմական տարածության հետ աշխատելուց հետո ինչպե՞ս պատահեց, որ իր  ասելիքն այս անգամ կենտրոնացավ գույնի և կտավի վրա, արվեստագետը պատասխանում է. «Բառը, երաժշտությունը, խոսքը, նկարչությունը՝ բոլորը մի հարթակի մեջ են: Ինձ համար այդ սահմանները վաղուց ջնջվել են»:

Որպես ասվածի վառ օրինակ՝ նա հիշատակում է իր հեղինակած «Իմ խելագար Շեքսպիրը» պիեսը, որը բեմադրել ու խաղացել է Նյու Յորքում՝ արժանանալով մրցանակի: Ներկայացման ձևավորման հեղինակը նույնպես Արթուր Էլբակյանն է: «Իմ նկարներն այդ ներկայացման մեջ գործող անձինք են»,-նշում է նա՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսում է նաև գրքի շնորհանդես, որտեղ ներառված կլինի այս պիեսը:

«Ինքս ինձ էի փնտրում ստեղծագործական բոլոր այդ գործընթացներում և արդեն գտա»,-կես կատակ, կես լուրջ ասում է Էլբակյանը՝ ընդգծելով, որ մինչև մարդն ինքն իրեն չճանաչի, որևէ գործում հաջողության հասնել չի կարող:

Արվեստագետն առանձնակի ջերմությամբ է խոսում նաև իր մյուս սպասվող հրատարակության մասին. «Կուզեի փոխանցել «Իմ Երևան» գրքի ուղերձը, քանի որ այնտեղ հենց երևանցիների համար շատ հետաքրքիր նորություններ կան: Ես լավ գիտեմ Երևանն ուղն ու ծուծով. իմ կայացման հիմնաքարը հենց Երևանն է»:

Leave a Comment