Գնումների արդյունավետությանն ու թափանցիկությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովում

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ նախատեսվում է բարձրացնել գնումների արդյունավետությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խթանել մրցակցային միջավայրը եւ ապահովել նոր մեխանիզմների փորձարկման հնարավորություն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մանրամասն ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները: Մասնավորապես՝ տրվել են դրամաշնորհի, շրջանակային համաձայնագրի, հանրային հսկողության, արհեստական բանականության հստակ սահմանումները: Սահմանվել են մրցակցային ընթացակարգը, նախաորակավորման, որակավորման եւ որակի չափանիշների գնահատումը: Գնման առարկայի ֆունկցիոնալ բնութագրմանը տրվել է ավելի ճկուն ձեւակերպում: Հստակեցվել են ապրանքային նշանների հղումների կիրառման դեպքերը: Սահմանվել են նաեւ նոր՝ մեկ անձից գնում իրականացնելու պայմանները:

Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն բարելավել եւ արդիականացնել գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն եւ մրցակցային միջավայր:

Ավագ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների, լրացումների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ առաջարկվող կարգավորումները քննարկվել են շահառու տնտեսավարողների լայն շրջանակի  եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Leave a Comment