Պուտինը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ

Այսօր՝ մայիսի 20-ին Պեկինում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի բանակցությունները։

Ինչպես փոխանցում է ռուսական ТАСС գործակալությունը, բանակցությունների առաջին մասն անց է կացել նեղ կազմով ու շարունակվել մոտ 1,5 ժամ։ Այնուհետ պատվիրակությունները բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով։

Ինչպես փոխանցում է Xinhua գործակալությունը, Սի Ծինփինը հայտարարել է, որ միջազգային իրավիճակը մնում է անկայուն և անհանգիստ, իսկ ուժ են ստանում «միակողմանի գործողություններն ու հեգեմոնիզմը»։ 

Վերջինիս խոսքով՝ Չինաստանը և Ռուսաստանը պետք է «նպաստեն երկու երկրների զարգացմանն ու վերածնունդին» ու «ձգտեն գլոբալ կառավարման համակարգն ավելի արդար ու խելամիտ դարձնել»:

Պուտինն էլ իր հերթին նշել է, որ «Մոսկվայի և Պեկինի համապարփակ գործընկերությունը նոր դարաշրջանում միջպետական կապերի օրինակ է դարձել», իսկ երկու երկրների հարաբերությունները «մեկ անգամ չէ, որ անցել են ամրության թեստը»:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 14-ին, Սի Ծինփինը Պեկինում բանակցություններ էր վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես գրում է The Financial Times-ը, հանդիպման ընթացքում Չինաստանի առաջնորդը հայտարարել է, որ Պուտինը «վերջին հաշվով» կարող է զղջալ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման համար: Չինաստանի ԱԳՆ-ն The Financial Times-ի այս հրապարակումն անվանել է «մաքուր հորինվածք»։

Lուսանկարը՝ Sputnik/Maxim Stulov/Pool via Reuters



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment