Թրամփն Իրանի հետ հակամարտության «արագ և քաղաքավարի» լուծման հույս է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի հետ հակամարտությունը շատ շուտով կավարտվի։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը ամերիկացի օրենսդիրների հետ միջոցառման ելույթում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ արագ կավարտենք այս պատերազմը։ Իրանն իսկապես ցանկանում է գործարքի գնալ, նրանք հոգնել են։ Դա տեղի կունենա, և դա տեղի կունենա արագ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը սկսել է, քանի որ «նրանց մտքում միջուկային զենքն էր»։

«Մենք թույլ չենք տա, որ նրանք միջուկային զենք ձեռք բերեն։ Մենք արագ կավարտենք սա, և նրանք միջուկային զենք չեն ունենա։ Հուսով եմ, որ մենք դա կանենք շատ քաղաքավարի»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Թեհրանի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել էր 3375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ էին վարել Իսլամաբադում, սակայն կողմերը հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում համաձայնության չէին եկել մի շարք հակասությունների պատճառով։

Թրամփը հայտնել էր, որ հրաժարվել է մայիսի 19-ին նախատեսված Իրանին հարվածելու ծրագրից՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով։

Leave a Comment