12:00 Լուրերը մեկ տողով. «Արարատի ցեմենտի» պետականացում, երկրաշարժ Թուրքիայում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

 

• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Արարատի ցեմենտ» գործարանը կդառնա պետական սեփականություն՝ նշելով, որ դատախազությունից արդեն ստացվել է համապատասխան գրություն։ Նրա խոսքով՝ գործարանում շուտով կառավարիչ կնշանակվի, իսկ աշխատակիցներն այլևս պարտավոր չեն կատարել նախկին ղեկավարության հրահանգները։

• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում կրկին անդրադարձել է Սամվել Կարապետյանի վերաբերյալ միջազգային մամուլի հրապարակումներին՝ ակնարկելով արտաքին ազդեցությունների և քաղաքական կապերի թեման։

• Փաշինյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի հրապարակված ձայնագրությունը իրական է և անձամբ որպես վարչապետ երաշխավորում է դրա իսկությունը։ Նրա խոսքով՝ նախկինում այդ ձայնագրությունը փորձել են ներկայացնել որպես արհեստական բանականությամբ ստեղծված նյութ։

• «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու այն ՔՊ-ականների դեմ, որոնք տարածել են ապատեղեկատվություն Սամվել և Նարեկ Կարապետյանների վերաբերյալ։ Նա նշել է, որ հնարավոր փոխհատուցումները կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին։

• Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ընտրակաշառքի, ընտրողների բնակարանների վարձավճարների վճարման և ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ կալանք է կիրառվել։ Գործը կապվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուներից մեկի գործունեության հետ։

• Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների իրականացման երեք ուղեցույցների նախագծերը, որոնք այժմ ներկայացվել են կառավարությունների հաստատմանը։ Նախագծերը արդեն տեղադրվել են հանրային քննարկման հարթակում։

• Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքի արդյունաբերական գոտուն։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ տարածքում հրդեհ է բռնկվել։

• Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս պահի դրությամբ զոհերի կամ ավերածությունների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել։

• Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Վլադիմիր Զելենսկին և նրա վարչակարգն են։ Նրա խոսքով՝ դա հերթական անգամ ապացուցում է, թե ով է խանգարում խաղաղ գործընթացին։

 

Leave a Comment