«Սա դարակազմիկ իրադարձություն է». Տիգրան Բալայանը՝ Հայաստան-ԵՄ նոր հարաբերությունների մասին․ «Դիվանագիտական գործ»

Հայաստանի և Բելգիայի հարաբերությունները վերջին տարիներին նոր խորություն և քաղաքական կշիռ են ստացել։ Մի կողմից՝ Եվրոպայի քաղաքական սրտում գտնվող Բրյուսելը, որտեղ կայացվում են Եվրամիության կարևորագույն որոշումները, մյուս կողմից՝ Հայաստանը, որը փորձում է կայուն տեղ և նոր գործընկերներ գտնել արագ փոփոխվող աշխարհում։ Այս հարաբերությունների առանցքում այսօր գտնվում է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Նրա հետ խոսել ենք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված կարևորագույն իրադարձությունների, դրա ետևում թաքնված աշխատանքի և դեսպանի աշխատանքի բազմակողմանիության մասին։ Տիգրան Բալայանի հետ խոսել ենք առցանց։


-Միայն այն փաստը, որ Եվրոպական միությունն իր պաշտոնական կոչն արեց եվրոպացի ներդրողներին Հայաստանում ներդրումներ կատարել, քանի՞ երկրում է այդպիսի բան եղել, երբ ԵՄ ղեկավարությունը կոչ է անում, խրախուսում է իր ներդրողներին ներդրումներ կատարել Հայաստանում՝ առանց ոլորտների սահմանափակման։ Սա, իմ կարծիքով, Հայաստանի պատմության մեջ դարակազմիկ իրադարձություն է։ Միգուցե հիմա տաք ենք, չենք զգում, բայց սրա արդյունքները տարիներ, տասնամյակներ անց են երևալու։

Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի համար Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը երազանք էր, երկարամյա աշխատանքի և հետևողականության արդյունք։

Տիգրան Բալայանը և Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը

Նրա գնահատմամբ՝ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումները ոչ միայն քաղաքական նշանակություն ունեին։

-Ես միշտ փորձում եմ իմ օտարերկրացի ընկերներին բացատրել, թե մենք ինչպես ենք ընկալում հյուրերին, հատկապես՝ բարձրաստիճաններին։ Մենք երկար ժամանակ է, միգուցե հիմա էլ հաճախ մտածում ենք, որ մեր մասին չեն հիշում, մեզ մոռացել են, և սա մի երևույթ էր, որը ցույց տվեց, որ՝ չէ՛, մեզ չեն մոռացել, մենք հիշում ենք ու մեզ հիշում են, և մեզ համար կարևոր է, որ այդ միջոցառումները մեզ մոտ լինեն։ Ես կարծում եմ, որ այսպիսի նախաձեռնությունները հյուրընկալելը մեզ համար շատ կարևոր է, և, բացի դրանից, Հայաստանի քաղաքացիների համար մենք մի քայլ առաջ գնացինք, օրինակ՝ վիզաների ազատականացման հարցում։

Անցած ամսվա ամենաքննարկվող քաղաքական-դիվանագիտական իրադարձության վերաբերյալ Տիգրան Բալայանից մեկնաբանություն ստանալուց հետո եկեք հեռանանք պաշտոնական արձանագրություններից, գագաթնաժողովներից ու բանակցային սրահներից և վերադառնանք այնտեղ, որտեղ սովորաբար սկսվում են բոլոր մեծ ճանապարհները՝ մանկություն։

-Մեր տանը երեք եղբորից ամենակարդացողը ես եմ եղել, և առաջինը ես եմ ակնոց կրել կարճատեսության պատճառով, որովհետև գաղտնի էի կարդում։ Հետո մենք ընտանիքներով, հայրս և մայրս բավականին մոտ էինք այսօրվա մեր գործող դեսպաններից Աննա Աղաջանյանի ընտանիքի՝ ծնողների հետ։ Աննա Աղաջանյանը, երբ ես ուսանող էի, արդեն դիվանագետ էր, և Աննայի հետ դիվանագիտական շփումները տեսնելով՝ ես էլ էի ուզում դիվանագետ դառնալ։

Տիգրան Բալայանը և Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին

Ընդունվելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ՝ Տիգրան Բալայանը դարձավ նորանկախ Հայաստանի այն առաջին սերնդի ներկայացուցիչներից, որոնք հետագայում ավարտեցին արդեն ձևավորվող միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ընտրելով պետության ձայնը, շահերն ու ապագան միջազգային հարթակներում ներկայացնելու ճանապարհը։ Կամ, որ նույնն է՝ դիվանագետի մասնագիտությունը։

-Շատ-շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, ես բավականություն և հաճույք եմ ստանում դիվանագիտական գործից և հատկապես արձանագրվող արդյունքներից։ Այն արդյունքներից նաև, որոնք միգուցե մի որոշ ժամանակ առաջ անիրական էին թվում, բայց բավականին իրականություն են դառնում, ու էլի պատմություններ կարող եմ պատմել։

Այդ «անհնար թվացող» արդյունքներից մեկը Նիդեռլանդների ռեզիդենտ դեսպանության բացումն էր Երևանում։

Նիդեռլանդների ռեզիդենտ դեսպանության բացումը Երևանում եղել է Նիդեռլանդների 420 տարվա դիվանագիտական պատմության մեջ առաջին և վերջին դեպքը, երբ խորհրդարանը որոշում է ընդունել բացել դեսպանություն, պարտադրել է արտգործնախարարությանը բացել դեսպանություն։ Երբ ես նոր դեսպան նշանակվեցի, գնացի Նիդեռլանդների ԱԳՆ և ասացի՝ գիտե՞ք, մենք արդեն ժողովրդավար պետություն ենք, ժողովրդավարական հեղափոխություն ենք արել, դուք պետք է աջակցեք մեզ։ Ռեզիդենտ դեսպանություն բացումով կարևորում եք այդ։ Եվրոպայի դեպարտամենտի տնօրենն ասաց՝ պարոն դեսպան, շատ ճիշտ եք, մենք ամբողջովին սատարում ենք ձեզ, համակարծիք ենք, բայց մենք փող չունենք։ Ես էլ ասացի՝ կներեք, բայց ո՞նց է ստացվում՝ Հայաստանը փող ունի Հաագայում դեսպանություն բացելու, դուք փող չունե՞ք դեսպանություն բացելու։

Նիդեռլանդների՝ դեռևս նոր կառավարության կազմավորման ժամանակ ձևավորված ծախսերի օրակարգում փոփոխություն մտցվեց։

Ուղիղ մի տարի հետո՝ 2019 թվականի նոյեմբերին, խորհրդարանը որոշեց դեսպանություն բացել և փոխեց արտգործնախարարության բյուջեն՝ չորս հոդվածից հինգ հարյուր հազարական եվրո կտրելով և երկու միլիոն եվրո հատկացնելով Հայաստանում ռեզիդենտ դեսպանության բացմանը։


Դիվանագիտական աշխատանքը խիտ ու բազմաբովանդակ է և երբեմն պահանջում է փոքր ընդմիջում՝ մտքերը վերակազմակերպելու ու նոր էներգիա ստանալու համար։ Տիգրան Բալայանի համար այդ ընդմիջումը դասավանդումն է, որը պարզապես զբաղվածության փոփոխություն չէ, այլ ներսից եկող ներդաշնակություն, գրեթե մեդիտացիա։

Տիգրան Բալայանը և Լյուքսեբուրգի խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերը

-Ես 11 տարի, համարյա խոսնակ լինելու հետ զուգահեռ, դասավանդում էի իմ հարազատ ֆակուլտետում և մշակել եմ նաև մի քանի դասընթացներ, որոնք մինչև հիմա դասավանդվում են՝ բազմակողմ դիվանագիտություն, միջազգային անվտանգության համակարգեր, արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովում։ Նաև գրքեր եմ հրատարակել դրա վերաբերյալ, և ամեն շաբաթ լսարան մտնելը ինձ համար մեդիտացիայի նման մի բան է։ Ուսանողների հետ քննարկումները, բանավեճերը, դրանից նաև սնվում էի, ստանում էի նոր գաղափարներ, ու հիմա էլ եմ շարունակում։ Ես առնվազն ամիսը մեկ անգամ որևէ համալսարանում դասախոսում եմ։

Տիգրան Բալայանի դիվանագիտական կարիերայում առանձնահատուկ տեղ ունի նաև մամուլի հետ աշխատանքը։ Շուրջ մեկ տասնամյակ լինելով Հայաստանի ԱԳՆ խոսնակ՝ նա իր համար առանձնացրել է ոլորտի ամենակարևոր կանոններից երկուսը՝ լինել հակիրճ և ունենալ զսպվածություն։

Առաջինը ինձ սովորեցրել է իմանալ խոսքի արժեքը, գնահատել խոսքի արժեքը։ Այն ժամանակ թվիթը 160 թե 180 նիշ էր, ամեն ասված խոսքի արժեքը պետք էր գնահատել։ Եվ նաև, ասեմ ձեզ, ինձ լավ սովորեցրել է փորձել խուսափել սադրանքներից։

Իսկ սադրանքներն ամենուր են՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի դրսում, հատկապես վերջին ժամանակներում, երբ աշխարհի յուրաքանչյուր հատված իր բաժին սադրանքի ու ճգնաժամի միջով է անցնում։ Հայաստանը ևս։

-Իսկ ո՞ր երկիրը ճգնաժամ չունի։ Երևի թե այն երկրները, որոնք լճացման մեջ են, ավտորիտար ռեժիմով երկրներ են, որոնք կարող են ինչ-որ ճգնաժամ արհեստականորեն ստեղծել, որ փորձեն աշխուժություն մտցնել և այլն։ Իսկ ժողովրդավարության հենց իմաստն այն է, որ պարբերաբար պետք է փոքր ինչ-որ սկանդալներ, ճգնաժամեր լինեն, որոնց միջոցով ավելի ու ավելի կամրապնդվի պետականությունը։


Դիվանագետի կյանքում ամեն իրադարձություն չէ, որ պարզապես պաշտոնական է, երբեմն այն պատմական է։ Ինչպես, օրինակ, Նիդեռլանդներում հավատարմագրեր հանձնելու արարողությունը։

Նիդեռլանդները այն եվրոպական վեց երկրներից է, որը մինչ հիմա միջնադարյան արարողակարգով է դեսպաններին հանձնում հավատարմագրերը։ Առավոտյան գալիս է ոսկեզօծ կառքը, դեսպանի կեցավայրից ուղեկցում թագավորի պալատ, և երբ կնոջս հետ ոսկեզօծ կառքով, որը Գերմանիայի կայսրը նվիրել է Նիդեռլանդների թագավորներից մեկին, գնում ես, զգում ես, որ պատմության, կարծես հեքիաթի մեջ ես հայտնվել։ Թագավորական կարգով հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը, և մի քանի րոպե հետո դու տեսնելու ես թագավորին, որին փոխանցելու ես հավատարմագրերդ։ Դա երևի թե իմ կարիերայի ամենահուզիչ պահերից մեկն էր։

Տիգրան Բալայանի խոսքով՝ լավ դիվանագետի ամենակարևոր հատկանիշներից մեկը պատրաստվածությունն է, քանի որ դիվանագետի առօրյան իրենից ներկայացնում է սահուն անցումներ ամենատարբեր մարդկանցից դեպի ամենաանսպասելի թեմաներ։ Դիցուք՝ մեկ օր Տիգրան Բալայանի հետ։

Իմ օրակարգին որ նայեք, օրեկան մինիմում երեք-չորս հանդիպում ունեմ, և առավոտը կարող է սկսեմ ինչ-որ քննարկումով գյուղատնտեսության վերաբերյալ, հետո գանք խոսենք անվտանգային հարցերի մասին մեկ այլ հանդիպման ժամանակ, հետո խոսենք բարձր տեխնոլոգիաներից, արհեստական բանականության մասին, երեկոյան ընթրիքին՝ երկաթգծերի շահագործման, առհասարակ զարգացման շուրջ։ Դու ամեն ինչին պետք է պատրաստ լինես, թեկուզ բազմակողմ հանդիպման ժամանակ, ընթրիքին, ճաշին կամ համաժողովին։ Ես չեմ կարող չխոսել, ես պետք է ներկայացնեմ Հայաստանի տեսակետը։

Leave a Comment