Ռուսաստանն ու Չինաստանը բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն, որում արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները հասել են իրենց պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակին և շարունակում են առաջընթաց զարգացում ապրել:
Փաստաթղթում երկու պետությունները վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, միևնույն ժամանակ ընդգծել, որ Մոսկվայի և Պեկինի կապերը չեն կրում բլոկային բնույթ և ուղղված չեն երրորդ երկրների դեմ:
Կողմերն արձանագրել են, որ 21-րդ դարում միջազգային հարաբերությունների համակարգը անցում է կատարում բազմաբևեռության, և զգուշացրել են աշխարհի ֆրագմենտացիայի ու «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգի մասին:
Համատեղ հայտարարության մեջ առանձնակի անդրադարձ է արվում միջազգային անվտանգության սպառնալիքներին: Մոսկվան և Պեկինը դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Մերձավոր Արևելքին՝ դրանք որակելով միջազգային իրավունքի խախտում, որը հանգեցնում է կայունության խաթարմանը:
Բացի այդ, երկրները մատնանշել են միջազգային անվտանգության համար այն բացասական հետևանքները, որոնք առաջանում են ամերիկյան «Ոսկե գմբեթ» (Golden Dome) նախագծի պատճառով:
