Մոուրինյուն խնդրել է դադարեցնել Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի ակումբը։ Այս մասին հայտնում է մարզական լրագրող Իգնասիո Սանչեսը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ժոզե Մոուրինյուն, որը շատ մոտ է մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնելուն, ցանկանում է դադարեցնել բրազիլացի հարձակվողի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ ընթացող բանակցությունները։

Պորտուգալացի մասնագետն իր այս գաղափարն արդեն փոխանցել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Մոուրինյուի առաջարկի էությունն այն է, որ պետք է չեղարկել պայմանագրի նորացման ներկայիս առաջարկը և հարցին անդրադառնալ միայն 2027 թվականին՝ որոշում կայացնելով ըստ առաջիկա մրցաշրջանում ֆուտբոլիստի ցուցադրած արդյունավետության և վերաբերմունքի։

Նման սցենարի դեպքում նախաձեռնությունն ամբողջությամբ կանցնի բրազիլացու ձեռքը, որն իրավունք կստանա քննարկել իր հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ՝ որպես ազատ գործակալ։ Մոուրինյուն նպատակահարմար չի գտնում Վինիսիուսին առաջարկել աստղաբաշխական աշխատավարձ, որը հետագայում կսահմանափակի ակումբի տրանսֆերային հնարավորությունները, քանի դեռ անձամբ չի գնահատել նրա խաղն իր իսկ ղեկավարության ներքո։

Բացի դրանից, մարզիչը նշել է, որ որևէ ողբերգություն չի տեսնում Վինիսիուսի՝ ազատ գործակալի կարգավիճակով հնարավոր հեռանալու դեպքում, քանի որ վերջինս համարվում է իր տրանսֆերային արժեքն ու ներդրումները լիովին արդարացրած ֆուտբոլիստ։

Leave a Comment