Բանաստեղծուհի Մետաքսեի կյանքը, որն սկսվեց 100 տարի առաջ Շիրակի Արևշատ գյուղում և ընդհատվեց 2014-ին Երևանում, լի էր անսպասելի շրջադարձերով: Նա շատ փոքր էր, երբ կորցրեց կարսեցի հորը՝ Սերոբին:
Հորական տատիկը իր գեղեցկուհի հարսի՝ Մետաքսեի մոր՝ Եպրաքսեի համար ամուսին գտավ՝ ստանձնելով թոռնուհիների՝ Աշխենի և Մետաքսեի խնամքը: Ցավոք, շուտով տատիկն էլ մահացավ, և աղջիկները հայտնվեցին Գյումրիի մանկատանը. մայրն արդեն իր խնամքի տակ շատ երեխաներ ուներ: Մետաքսեին սպասում էր ոչ դյուրին մի ճակատագիր, դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու մարտահրավերներ:
Տարիներ անց նա արդեն Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի լավագույն ուսանողուհիներից էր: Եվ նրան հնարավորություն տրվեց «Լիպեցկ» շոգենավի անձնակազմի հետ, որպես օգնական-նավաստի, նավարկելու դեպի Եգիպտոս և Ալբանիա:
Հանրային ռադիոյի ձայնադարանում պահվում է 1989 թվականի մի ձայնագրություն, որտեղ Մետաքսեն պատմում է Մոսկվայում կայացած մի ժողովի մասին, որին մասնակցել էր նաև ինքը, և որը ցնցող տպավորություն էր թողել իր վրա: Այդ ժողովին ընթերցվել էր Խորհրդային Միության այդ ժամանակվա ղեկավար Խրուշչովի զեկույցը, որը բացահայտում էր Ստալինի ոճրագործությունները: Մետաքսեի հիշողության մեջ վերակենդանանում էին մանկատանն անցկացրած տարիները, երբ քարոզչական մեքենան անում էր իր սև գործը՝ չարաշահելով երեխաների դյուրահավատությունը:
Գաղափարական այս ցնցումները կոփեցին Մետաքսեին: Գեղեցիկ և խորիմաստ բանաստեղծություններ գրելուց զատ՝ նա գործուն հասարակական կյանք վարեց. մարդասիրական մեծ գործ կատարեց Սպիտակի երկրաշարժի և Արցախյան առաջին պատերազմի տարիներին:
Նա կարողացավ հավաքել հասարակությանը, հատկապես կանանց՝ ժամանակի փորձությունները միասին հաղթահարելու համար: Նրա ոգին և կամքն ամուր էին, իսկ սիրտը՝ նուրբ, ինչպես մետաքսը: