Ռուսական «The Insider» պարբերականի աղմկահարույց հետաքննության համաձայն՝ Մոլդովայում և Հունգարիայում քաղաքական տապալումներից հետո Կրեմլն իր ողջ հետախուզական, կազմակերպչական ու ֆինանսական ռեսուրսները կենտրոնացրել է Հայաստանի վրա։ Նպատակը մեկն է՝ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Սպիտակ տան կուրատորներն ու տնտեսական շանտաժը
Հակափաշինյանական արշավը ՌԴ նախագահի աշխատակազմում կոորդինացնում է Ռազմավարական գործընկերության և համագործակցության նորաստեղծ վարչության (УСПС) ղեկավար, նախկին «ռոսատոմական» Վադիմ Տիտովը։ Սա նրա վերջին շանսն է վերադասի աչքը մտնելու համար, քանի որ նրա նախորդ արշավը Հունգարիայում ավարտվել էր Օրբանի թիմի ջախջախիչ պարտությամբ։
Աշխատակազմում Հայաստանի ուղղակի կուրատորներն են ГРУ-ի (ՌԴ ԳՇ գլխավոր վարչություն) գնդապետ Վալերի Չերնիշովը (որը ժամանակին դիվերսիոն աշխատանք է դասավանդել հատուկ սպաներին) և ԱԴԾ-ի (ФСБ) գնդապետ Դմիտրի Ավանեսովը։ Գործընթացի տնտեսական ուղեկցումն ապահովում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը բացահայտորեն սպառնում է Երևանին՝ հայտարարելով, որ մայիսի 29-ին Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը, և ԵՄ-ի հետ մերձեցումը ծանր հարված կհասցնի երկրի տնտեսությանը։
Դիվանագիտական թևով ընտրություններին միջամտելու հարցերով զբաղվում է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը, որը նախկինում Լիտվայից և ԱՄՆ-ից վտարվել է լրտեսության և ամերիկյան ընտրություններին միջամտելու կասկածանքով։
«Փափուկ ուժի» քարոզչությունն ու կոռուպցիոն ֆինանսավորումը
Երևանում հակաիշխանական քարոզչության առաջնագծում են հայտնի սենատորներ Կոնստանտին Կոսաչովն ու Կոնստանտին Զատուլինը։ Իսկ «Россотрудничество»-ի և Երևանի «Ռուսական տան» միջոցով Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է հայ երիտասարդության հետ՝ կազմակերպելով ճամբարներ ու սեմինարներ, որտեղ, օրինակ, ցուցադրվում են Ուկրաինայում «նացիզմի վերածննդի» մասին քարոզչական ֆիլմեր։
Ուշագրավ է, որ «Россотрудничество»-ի ղեկավար է նշանակվել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդին՝ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալներով հայտնի Իգոր Չայկան։ Հենց նրա միջոցով է ժամանակին իրականացվել Մոլդովայի պրոռուսական ընդդիմության գաղտնի ֆինանսավորումը, ինչի պատճառով նա հայտնվել է ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների տակ։ Երևանյան գրասենյակը ղեկավարում է НТВ-ի նախկին ռազմական թղթակից Վադիմ Ֆեֆիլովը։
СВР-ի ռեզիդենտուրան, «Բորոդա» կեղծանունն ու ռելոկանտների հետապնդումը
«The Insider»-ը բացահայտել է, որ Երևանում ռուսական գաղտնի ռեզիդենտուրան իրականում գլխավորում է դիվանագիտական ծածկույթի տակ գտնվող СВР-ի (Արտաքին հետախուզության ծառայություն) կադրային սպա, առևտրային ներկայացուցիչ ձևակերպված Ալեքսեյ Մեշլյավկինը։ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ հավաքելու այս օպերացիային տվել են «Բորոդա» (Մորուք) պայմանական անվանումը։
Մեշլյավկինի թիմի առանցքային դեմքերն են.
- Սերգեյ Կատին (СВР սպա) – Մեշլյավկինի տեղակալը։ Ուշագրավ է, որ նրա կինն ամերիկյան խոշոր քիմիական և հորատման «ChampionX» ընկերության ֆինանսական տնօրենն է, որը սերտորեն աշխատում է պատժամիջոցների տակ գտնվող «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի» հետ։
- Վյաչեսլավ Պրոշկին (ГРУ սպա) – Աշխատում է Մեծամորի ԱԷԿ-ում՝ «Ռոսատոմի» ներկայացուցչի անվան տակ։ Նա նախկինում ծառայել է Պաշտպանության նախարարության հատուկ ծրագրերի ֆինանսավորման կենտրոնում, որտեղ միլիոնավոր դոլարների բյուջետային յուրացումների սկանդալ էր բռնկվել։
- Սերգեյ Կիվաչուկ և Վիտալի Կուչերուկ (ФСБ սպաներ) – Դեսպանատանը ձևակերպված են որպես խորհրդական և առաջին քարտուղար։ Գեներալ Կիվաչուկի առաջադրանքներից է նաև Հայաստանում հաստատված ռուս ռելոկանտների (Պուտինի վարչակարգի քննադատների) հաշվառումն ու նրանց շրջապատում գաղտնի գործակալների ներդրումը։ Կուչերուկը հաճախ է լինում Գյումրիի ռազմաբազայում և, ըստ աղբյուրների, զբաղվել է ՀՀ ԱՀԾ պետ Քրիստինե Գրիգորյանի դեմ օպերատիվ մշակմամբ (նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ կորզելու փորձերով), երբ վերջինս Մոսկվայում վերապատրաստվելու փոխարեն մեկնել էր ԿՀՎ (CIA)՝ փորձի փոխանակման։
- Ալեքսանդր Գլադիշչուկ (Ռազմական աշխարհագրագետ) – Ատաշեի կարգավիճակով հայտնված այս սպան նախկինում ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների քարտեզագրմամբ է զբաղվել Բելգիայում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվել է Երևան և հավանական է, որ արդեն օպերատիվ քարտեզների վրա նշել է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր կրիտիկական օբյեկտները։
