Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կիսվել է տպավորություններով Ռուսաստանի առաջնության վերջին տուրից հետո։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը վերջին տուրում 3-0 հաշվով հաղթել էր «Օրենբուրգին», սակայն դա բավարար չի եղել չեմպիոն դառնալու համար։
«Դժվար է ինչ-որ բան ասել։ Բայց սա ֆուտբոլ է։ Հպարտ եմ թիմով, որն այս 3 տարվա ընթացքում շատ է աճել։ Մենք հնարավորություն ունենք հաղթելու Ռուսաստանի գավաթը։ Պետք է մոտիվացիա գտնել և ավելի շատ աշխատել»,- Սպերցյանի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակչի հանդիպումը «Կրասնոդարի» մասնակցությամբ կկայանա մայիսի 24-ին՝ մայրաքաղաքի «Լուժնիկի» մարզադաշտում։ «Կրասնոդարի» մրցակիցը կլինի Մոսկվայի «Սպարտակը», որը ներքին առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը։