Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի «Ինտեր»-«Վերոնա» խաղից հետո, որն ավարտվել էր 1-1 հաշվով և որի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, հայ կիսապաշտպանը Radio TV Serie A-ի եթերում ամփոփել է մրցաշրջանը և անդրադարձել թիմի հաջողություններին:
Նա նշել է, որ ընթացիկ տարում գրանցած բարձր արդյունքները ամբողջ կոլեկտիվի արդյունքն են, քանի որ նախորդ տարվա բարդ մրցաշրջանից հետո թիմը կարողացել է ուժ գտնել, միավորվել և ապացուցել, որ ընդունակ է կրկին հաղթելու:
Հենրիխի խոսքերով՝ նախորդ մրցաշրջանների ձախողումների հիշողությունները մնում են ֆուտբոլիստների սրտերում, սակայն հենց այդ բարդ պահերն են ուժ տվել միավորվելու և ապագան փոխելու համար: Հայ ֆուտբոլիստը նշել է, որ ներկա պահին թիմում բոլորը չափազանց երջանիկ են այս նվաճման համար, բայց պետք է շարունակել առաջ շարժվել և ավելի շատ հավատալ սեփական ուժերին: Անդրադառնալով կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ հարցին՝ փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել հայտարարությամբ:
«Տարիքի հետ կարող եմ ասել, որ ավելի է դժվարանում խաղալն ու վերականգնվելը, բայց ես անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համար: Ես դեռ խաղալու քաղց ունեմ: Առաջիկա օրերին կխոսեմ ակումբի ղեկավարության հետ, կտեսնենք, թե ինչ պետք է անել, որից հետո կկայացնեմ որոշումս»,- նշել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին: