Բույսերի մշակություն և առողջության պահպանում, հողի բերրիություն և պաշտպանություն, բարձր բերքատվություն, գյուղատնտեսական արտադրության արդյունավետություն, նոր տեխնոլոգիաների կիրառում, սննդի անվտանգության ապահովում. ագրոնոմի գործառույթները բազմազան են:
Հողի կառավարման և մշակաբույսերի արտադրության գիտություն ու պրակտիկա. սա ագրոնոմիան է, որն իր բազմադարյա գոյության ընթացքում անցել է զարգացման երկարատև ուղի։ Այսօր արդեն բազմաթիվ գիտելիքների, հարուստ փորձի, կատարելագործման, ժամանակակից տեխնոլոգիաների և հմուտ մասնագետների շնորհիվ այն ապահովում է բարձր բերքատվություն և եկամտաբերություն։
Սա դինամիկ և զարգացող ոլորտ է, որը գյուղատնտեսության հիմքն է՝ զբաղվելով բուսաբուծության, հողագործության, բերքատվության բարձրացման գիտական ու գործնական ամենատարբեր հարցերով ու խնդիրներով: Եթե ցանկանում եք ձեռք բերել արդիական, հեռանկարային, եկամտաբեր, անհրաժեշտ ու անչափ օգտակար աշխատանք, ապա վստահաբար կարող եք ընտրել ագրոնոմի մասնագիտությունը:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը: