Թրամփի վարչակազմը դիտարկում է Կուբայի դեմ ռազմական գործողությունների տարբերակը

Թրամփի վարչակազմը դիտարկում է Կուբայի դեմ ռազմական գործողությունների տարբերակը

«Politico» պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի լուրջ է դիտարկում Կուբայի դեմ ռազմական գործողությունների տարբերակը։

Նշվում է, որ տնտեսական ու դիվանագիտական ճնշումները, ներառյալ նավթային շրջափակումը, չեն ստիպել Հավանային գնալ քաղաքական բարեփոխումների։ ԱՄՆ Հարավային հրամանատարությունն արդեն սկսել է հնարավոր ռազմական սցենարների մշակումը, որոնք կարող են ներառել ինչպես կետային օդային հարվածներ, այնպես էլ ցամաքային ներխուժում։

Իրավիճակը սրվել է նաև Կուբայի նախկին նախագահ, 94-ամյա Ռաուլ Կաստրոյին կալանավորելու հնարավորության և այն տեղեկությունների ֆոնին, թե Կուբան հարյուրավոր ռազմական դրոններ է ձեռք բերել։

ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն ակնարկել է, որ Վաշինգտոնին հազիվ թե հաջողվի փոխել Կուբայի հետագիծը, քանի դեռ գործող իշխանությունը ղեկին է, և ընդգծել է Հավանայի կապերը Մոսկվայի ու Պեկինի հետ։ 

Ի պատասխան սպառնալիքների՝ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ագրեսիան կհանգեցնի «անանցանելի հետևանքներով արյունահեղության»։

Չնայած Պենտագոնը դեռ վերջնական որոշում չի կայացրել, վերլուծաբանները նշում են, որ Իրանի հետ ընթացող պատերազմի ֆոնին Թրամփը կարող է Կուբան դիտարկել որպես «հեշտ հաղթանակի» հնարավորություն։

Leave a Comment