«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է «Մարսելից» հետաքրքրության մասին լուրերը և քննարկել է նաև Եվրոպա տեղափոխվելու հեռանկարը, հայտնել է championat-ը։
«Իրականում ես անցյալ մրցաշրջանում երկարաձգել եմ պայմանագիրս, պարզապես դրա մասին չի հայտարարվել։ Ինչ վերաբերում է հեռանալուն… իմ մտքերը դեռ նույնն են։ Իհարկե, ես ուզում եմ գնալ, կտեսնենք՝ ինչ կլինի։ Կլինի՞ լավ առաջարկ՝ կխոսենք»,- ասել է Սպերցյանը «Օ՜, հարազատ ֆուտբոլ» YouTube ալիքում տեղադրված տեսանյութում։
Նախկինում հաղորդվել էր, որ ֆրանսիական «Մարսել» ակումբը հետաքրքրված է 25-ամյա կիսապաշտպանի հետ ամառային տրանսֆերի ժամանակ։
«Մարսելում մեծ հայկական սփյուռք կա։ Չգիտեմ, սա առաջին անգամն է, որ լսում եմ դրա մասին»,- մեկնաբանել է նա։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ լրանում է 2029 թվականին։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
