Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնի ծախսերը նախատեսվածից եռակի աճել են – armeniatoday.am

Իրանում ռազմական գործողությունների 79 օրվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների ծախսերը գերազանցել են 85 մլրդ դոլարը, հայտնել է Iran War Cost Tracker մասնագիտացված պորտալը։

Իրական ժամանակում աշխատող առցանց հաշվիչի տվյալներով Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների միայն առաջին վեց օրվա ընթացքում Վաշինգտոնը ծախսել է 11,3 մլրդ դոլար, իսկ հակամարտության հետագա յուրաքանչյուր օրվա համար նախատեսում է ծախսել ևս 1 մլրդ դոլար։

Այս գումարը գրեթե երեք անգամ գերազանցում է այն թիվը, որն ավելի վաղ հնչեցրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերստը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ պաշտոնյան հայտարարել էր, որ Վաշինգտոնն Իրանի դեմ ռազմական գործողության վրա արդեն ծախսել է մոտ 29 մլրդ դոլար։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Թեհրանի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարել Իսլամաբադում, սակայն կողմերը հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում համաձայնության չեն եկել մի շարք հակասությունների պատճառով։

Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ Ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի երկարաձգումը և գործելու է սեփական շահերին համապատասխան։

Leave a Comment