Լոռու մարզի Մեծավան գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի 10 կողմնակցից ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Բոլոր 10 աջակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Տնային կալանքների մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմ Ավդալյանը՝ չհստակեցնելով նրանց ինքնությունը։
Ավելի վաղ իրենց կողմնակիցների ձերբակալության մասին հայտնել էր «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը։ Մելոյանի նշել էր, որ քաղաքական դրդապատճառներով ընդհանուր առմամբ ձերբակալվածների կամ բերման ենթարկվածների թիվը հասնում է 300-ի։
Մեկնաբանելով Տաշիրում տեղի ունեցած միջադեպը Մելոյանն ընդգծել էր, որ քաղաքական ուժի կողմնակիցներն իրականացրել են խաղաղ ակցիա և ենթարկվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից հրահրված սադրանքի։
Դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը մայիսի 16-ին նույնպես քննադատել էր ուժային կառույցների և անձամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գործողությունները։ Պապիկյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագրի» ավտոշարասյունը, որը փորձել էր ճեղքել «Ուժեղ Հայաստան»-ի կողմնակիցների շղթան։
Կարապետյանը հայտարարել էր, որ ցավում է Պապիկյանի վարքագծի համար։ Ի պատասխան Կարապետյանի հայտարարությունների՝ Պապիկյանն «Ուժեղ Հայաստան»-ին մեղադրել էր միտումնավոր սադրանքի մեջ և իր հերթին սպառնացել՝ հայտարարելով. «նման դեպքերի կրկնության պարագայում շարունակելու ենք տրորելով անցնել ձեր վրայով»։
Armenia Today-ը հրապարակել էր միջադեպի տեսանյութը։ Հրապարակված կադրերից երևում էր, թե ինչպես են դրոշներով «Ուժեղ Հայաստան»-ի կողմնակիցները վանկարկում «Սամվել Կարապետյան՝ վարչապետ»։
Այնուհետև դեպքի վայր է ժամանում ՔՊ-ի կողմնակիցների ավտոշարասյունը։ Մի քանի պտույտ կատարելուց հետո մեքենաներն ուղղվում են դեպի դաշինքի կողմնակիցներ և փորձում ճեղքել նրանց շղթան։
Դրանից հետո Պապիկյանը դիմում է ոստիկանությանը՝ կարգուկանոնը վերականգնելու պահանջով, ինչից հետո իշխող ուժի կողմնակիցների շարասյունը կրկին շարժվում է դեպի Կարապետյանի կողմնակիցներ և, բախվելով նրանց հետ, ճեղքում շարքերը։
Մայիսի 18-ին ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին 10 ձերբակալվածի մասին, որոնցից 6-ի նկատմամբ կիրառվել էր կալանք, մեկի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի մասով երեկ դեռ դատական նիստ չէր կայացել։
