
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանգնեցրել է Իրանի դեմ ծրագրված նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տրվի բանակցությունների միջոցով հանգուցալուծել հակամարտությունը։
Սա այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով խաղաղության նոր առաջարկություն է փոխանցել Վաշինգտոնին։
Ըստ նախօրեին Truth Social-ում կատարած գրառման՝ նախագահ Թրամփը զինված ուժերին փոխանցել է, որ «չենք իրականացնելու Իրանի դեմ վաղը ծրագրված հարձակումը, բայց հրահանգել եմ պատրաստ լինել ցանկացած պահի առաջ շարժվել Իրանի դեմ ամբողջական, լայնամասշտաբ հարձակմամբ, եթե ընդունելի գործարք չկնքվի»։
Հորմուզի նեղուցը վերաբացելու և պատերազմի առաջացրած տնտեսական հետևանքները մեղմելու ճնշումների ֆոնին՝ Թրամփը հայտարարել է, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներն են իրեն հորդորել հետ կանգնել հարձակումից, քանի որ «Գործարք կկնքվի»։
Իրանից հաստատել են, որ իրենց տեսակետները Պակիստանի միջոցով հանձնել են ԱՄՆ-ին, սակայն պակիստանցի անանուն աղբյուրը հայտնել է, որ «Շատ ժամանակ չունենք»։
Ռազմական գործողությունները չիրականացնելու մասին սոցցանցային գրառումից ժամեր անց Թրամփը լրագրողների հետ զրուցելիս ասել է, որ ԱՄՆ-ն բավարարված կլինի Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխող համաձայնագրի կնքմամբ։
«Թվում է, թե մեծ հավանականություն կա, որ գործարքը կարող է ի մի բերվել», – հավելել է Սպիտակ տան առաջնորդը, մինչդեռ միջնորդ Իսլամաբադից բանակցությունները «բարդ» են որակում։
Հաղորդվում է, որ Իրանի առաջարկն առաջնահերթություն է տալիս հակամարտության դադարեցմանը, Հորմուզի նեղուցի վերաբացմանը և պատժամիջոցների մեղմանը՝ հետաձգելով Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վեճերի լուծումը։
Իրանական աղբյուրները պնդում են նաև, որ Վաշինգտոնն ավելի մեծ ճկունություն է ցույց տվել իրանական սառեցված ակտիվների և քաղաքացիական միջուկային գործունեության հարցում, թեպետ ԱՄՆ-ն որևէ զիջման մասին չի հայտարարել։