Դեռահասները կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կա զոհեր

Դեռահասները կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կա զոհեր

Երկու դեռահաս կրակ է բացել Սան Դիեգոյի մզկիթներից մեկում՝ սպանելով երեք տղամարդու։ Դրանից հետո նրանք մի քանի թաղամաս հեռու ինքնասպան են եղել։ Ոստիկանությունը միջադեպը քննում է որպես ատելության շարժառիթով կատարված հանցագործություն։

Սան Դիեգոյի իսլամական կենտրոնի հասցեին մինչ այդ որևէ կոնկրետ սպառնալիք չէր ստացվել։ Սակայն, ինչպես հայտնել է Սան Դիեգոյի ոստիկանապետ Սքոթ Ուոլը, քննության ընթացքում իրավապահները պարզել են, որ կասկածյալները ներգրավված են եղել «ընդհանրացված ատելության հռետորաբանության» տարածման մեջ։ Նա այլ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, որ առաջիկա օրերին կհստակեցվեն հարձակման պատճառներն ու դրան նախորդած հանգամանքները։

Ուոլի խոսքով՝ մինչև հարձակումը ոստիկանությունն արդեն որոնում էր դեռահասներից մեկին։ Նրա մայրը դիմել էր իրավապահներին՝ հայտնելով, որ որդին ինքնասպանության միտումներ ունի և փախել է տնից։ Կինը նաև տեղեկացրել էր, որ տնից անհետացել են զենքեր, ինչպես նաև իր ավտոմեքենան։

Ոստիկանապետի խոսքով՝ որոնումներն ավելի հրատապ են դարձել այն բանից հետո, երբ պարզվել է, որ դեռահասը կրում է քողարկող  հագուստ և գտնվում է իր ծանոթի հետ։ Իրավապահների գնահատմամբ՝ այդ հանգամանքները բնորոշ չէին ինքնասպանության մտադրություն ունեցող անձի վարքագծին։

Ոստիկանությունը գործի է դրել որոնման համար հասանելի բոլոր տեխնիկական միջոցները, այդ թվում՝ պետհամարանիշների ավտոմատ ճանաչման համակարգերը՝ 17 և 18 տարեկան կասկածյալներին հայտնաբերելու նպատակով։ Իրավապահները նաև ուժեր են կենտրոնացրել այն առևտրի կենտրոնի շրջակայքում, որտեղ վերջին անգամ արձանագրվել էր մեքենայի տեղաշարժը, և նախազգուշացրել են դպրոցին, որտեղ սովորել էր կասկածյալներից առնվազն մեկը։

Մինչ իրավապահները շարունակում էին դեռահասներից մեկի մորը հարցաքննել նրանց հնարավոր գտնվելու վայրերի վերաբերյալ, ոստիկանությունը հաղորդում ստացավ մզկիթում տեղի ունեցած հրաձգության մասին։

Զոհվածների թվում էր նաև մզկիթի անվտանգության աշխատակիցը, որը, ոստիկանության գնահատմամբ, «առանցքային դեր է ունեցել»՝ կանխելու համար ավելի մեծ ողբերգությունը։

Սան Դիեգոյի իսլամական կենտրոնը շրջանի ամենամեծ մզկիթն է։ Համալիրում գործում է նաև «Ալ Ռաշիդ» դպրոցը, որը, ըստ պաշտոնական կայքի, 5 տարեկանից բարձր երեխաների և պատանիների համար առաջարկում է արաբերենի, իսլամագիտության և Ղուրանի ուսուցման ծրագրեր։

Leave a Comment