«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները անհնարին են դարձնում երկրում ազատ ընտրությունների անցկացումը և կոչ է արել արտասահմանյան դեսպանատներին և դիտորդներին արձագանքել ստեղծված իրավիճակին։
Նշվում է, որ հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։
Դաշինքը շեշտել է, որ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։
Հայտարարության մեջ ասվում է, որ խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։
Դաշինքը թվարկել է իշխանությունների պատժիչ ու հակասահմանադրական գործողությունները՝ քրեական հետապնդումներ և հալածանքներ, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում, դատական իշխանության ակնհայտ կախվածություն, վարչախմբի ղեկավարի կողմից դատախազությանը և իրավապահ համակարգին տրված բացահայտ պատժիչ հրահանգներ, հանրության, առանձին քաղաքացիների և ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշվեհարդարի սպառնալիքներ և կոչեր, ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում, ատելության խոսք։
Դաշինքն արձանագրել է, որ միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիության մթնոլորտը, վարկաբեկում միջազգային ինստիտուտները, սասանում ժողովրդավարության նկատմամբ հավատը՝ լրջագույնս կասկածի տակ դնելով հավաքական Արևմուտքի՝ Հայաստանում իրապես ժողովրդավարական սկզբունքներով իշխանության ձևավորման նկատմամբ շահագրգռվածությունը։
Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններից դաշինքն ակնկալում է անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժ, այդ թվում՝ 17 կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։
