Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր, հայտարարել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Վերջին ամիսներին տարբեր առիթներով՝ իմ տարբեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում, ասել եմ, որ մի քանի հայրենական արտադրող, հայկական ընկերություն ստացել են զենք արտահանելու թույլտվություններ։
Եվ այժմ մեծ ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ ձեզ հայտնել, որ հայկական երեք ընկերություն երկու տարբեր երկրներ զենք է արտահանել մայիս ամսվա ընթացքում։ Բավականաչափ բարդ, խրթին լոգիստիկ ճանապարհներ և դժվարությունների միջով անցնելով՝ հայկական ընկերությունները կարողացել են հասնել նպատակային կետին։
Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ։ Այս ամենը, իրականում, վերջին տարիներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կառավարության երազանքը և ռազմավարական առաջնահերթություններից մեկը։
Ահա հենց սա էր պատճառը, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել, և ապագայում ևս շարունակելու է կատարել այդ մեծածավալ ներդրումները ռազմարդյունաբերության ոլորտում։
Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և Արտաքին գործերի նախարարության իմ գործընկերներին՝ բավականաչափ աջակցող լինելու այս ողջ գործընթացում։
Ինչպես նաև խորին շնորհակալություն հայտնելով հենց հայրենական արտադրողներին, ռազմարդյունաբերողներին, որոնք տարիների ընթացքում հավատացել են, հայկական ինժեներական միտքը գեներացրել են և այն վերածվել է վերջնական արտադրանքի և արտահանվել է Հայաստանից։ Ինչպես նաև բոլոր այն գործընկերներին, որոնք այդ ամբողջ գործընթացում աջակցել են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությանը և թե՛ ռազմարդյունաբերողներին։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ սա մի մեծ ու երկար ճանապարհի սկիզբն է»,- ասել է նախարարը։
