«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն անդրադարձել է Արաբկիր վարչական շրջանի նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը որակելով «լկտի և անհավասարակշիռ»։
Մեկնաբանելով ընտրողների հետ հանդիպումների ժամանակ վարչապետի գործողությունները՝ Կարապետյանը դրանք գնահատել է որպես արտաքին մարտահրավերների առջև պետության դիրքերը թուլացնող գործոն:
«Այսօր իր քարոզարշավի ժամանակ ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել և հարձակվել անհետ կորած մեր հերոսի քրոջ վրա, և շրջապատված լինելով թիկնապահներով՝ հարձակվել և վիրավորել է երիտասարդ տղամարդու, և այսպես շարունակ»,- ասել է նա։
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի գնահատմամբ՝ երկրի ղեկին մնալն անգամ ընտրություններին մնացած 20 օրերի ընթացքում վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար:
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ Փաշինյանը, ով նախկինում հռչակում էր «երեք միլիոն վարչապետների» թեզը, ամբողջությամբ կորցրել է ինքնատիրապետումն ու իրականության զգացումը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի տեսանկյունից՝ նման միջադեպերը վկայում են երկրի ժամանակավոր ղեկավարի հոգեբանական անհավասարակշիռ վիճակի մասին, ինչը թուլության ազդակներ է հղում արտաքին հակառակորդներին և հարվածում ազգային կերպարին:
«Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը, մենք դա թույլ չենք տալու, հունիսի 7-ին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»,- նշել է նա։
Կարապետյանը եզրափակել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան պետական իմիջի այս ճգնաժամի հաղթահարման գործիքը, որին, նրա գնահատմամբ, հանգեցրել են վարչապետի գործողությունները:
