Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել համացանցում տարածված անհայտ մարդկանց կողմից տեսանյութի առնչությամբ, որտեղ սպառնալիքներ են հնչում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Ըստ ՔԿ-ի՝ տեսանյութ պարունակում է վարչապետի ֆիզիկական գոյությանն ուղղված սպառնալիք։ Իրականացվում է նախաքննություն՝ տեսանյութում պատկերված անձանց ինքնությունը պարզելու նպատակով, հայտնել են Կոմիտեից։
Մայիսի 18-ին համացանցում տարածված տեսանյութում երևում են դիմակավորված հինգ անձինք, որոնցից մեկը Արցախի բարբառով մեղադրանքներ հնչեցնում Փաշինյանի հասցեին՝ վերջինիս պատասխանատու համարելով Արցախի կորստի և Հայաստանի անվտանգային խնդիրների համար։
«Ասում ես՝ Հայաստանը անկախ է, խաբում ես, անկախ չի, դու Հայաստանն էլ ես ուզում հանձնես Ադրեբեջանի կազմ։ Արցախի տարածքներում պղծում մեր գերեզմանները, մեր եկեղեցիները, մեր հողն ու ջուրը․․․ Նիկո՛լ, դու պատասխան ես տալու»,- ասվում է տեսագրության մեջ։
Բացի այդ, դիմակավորված անձը նշել է, որ իրենք տեղեկացված են վարչապետի տեղածարժերի մասին և պատրաստվում են գտնել և հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ։
Փաշինյանը, Արաբկիր վարչական շրջանում անդրադառնալով այս տեսանյութին, հայտարարել է, որ տեսանյութի հեղինակները Արցախից «փախածներ են»։
Արաբկիրում քարոզարշավի ժամանակ նա վիճաբանության էր բռնվել նաև Արցախից տեղահանված մի քաղաքացու հետ, սպառնացել նրան, արցախցուն անվանել՝ «լակոտ», «փախած»։
