Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ սոցանցերում «դիմակավորված արցախցիների»-ի կողմից տարածված ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք է։
Բեգլարյանի խոսքով՝ տեսանյութի նպատակն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ապահովել ատելության և բռնաճնշումների նոր հնարավորություն՝ ուղղված արցախցիների և ընդդիմադիր գործիչների դեմ։
«Վստահ եմ, որ այս ահաբեկչական սադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ Փաշինյանին իբր զոհ ներկայացնելու, ժողովրդի վախերի վրա խաղալու և արցախցիներին լրացուցիչ թիրախավորելու համար», – գրել է Բեգլարյանը Facebook-յան իր էջում։
Արցախցի նախկին պաշտոնյան ընդգծել է, որ նմանատիպ մեթոդները ծառայում են միայն հասարակության ներսում բևեռացման խորացմանը։
Փաշինյանը, Արաբկիր վարչական շրջանում անդրադառնալով այս տեսանյութին, հայտարարել է, որ տեսանյութի հեղինակները Արցախից «փախածներ են»։
Արաբկիրում քարոզարշավի ժամանակ նա վիճաբանության էր բռնվել նաև Արցախից տեղահանված մի քաղաքացու հետ, սպառնացել նրան, արցախցուն անվանել՝ «լակոտ», «փախած»։
