Հանձնաժողովը քննարկել է փորձնակության համակարգը մրցունակ, սոցիալապես արդար եւ ինստիտուցիոնալ առումով կայուն դարձնող նախագծերի փաթեթը

Քաղաքացիական ծառայության համակարգում փորձնակության ինստիտուտի համապարփակ վերանայման եւ արդիականացման անհրաժեշտություն կա: Գործող կարգավորումները, ըստ էության, սահմանում են փորձնակության չվարձատրվող մոդել, որը ժամանակակից սոցիալ-իրավական պայմաններում չի ապահովում երիտասարդ մասնագետների համար քաղաքացիական ծառայության համակարգ մուտք գործելու հավասար հնարավորություններ: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 18-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիության ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, առաջին ընթերցմամբ հանձնաժողովի անդամներին ներկայացնելով ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

«Չվարձատրվող փորձնակության ինստիտուտը ժամանակակից իրավական պետության պայմաններում չի կարող դիտարկվել որպես սոցիալապես արդար կամ հավասար հնարավորություններ ապահովող մեխանիզմ: Այն փաստացի սահմանափակում է գործընթացին մասնակցության հնարավորությունը այն անձանց համար, ովքեր չունեն ֆինանսական անկախություն», – ասել է Վաչե Քալաշյանը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, ըստ որոնց նախատեսվում է ամրագրել փորձնակի վարձատրության վերաբերյալ կարգավորումները: Միաժամանակ, փորձնակների հնարավոր վարձատրության չափը նախատեսվում է սահմանել՝ ելնելով քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի համար նախատեսված վարձատրության մակարդակից:

Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ նախատեսել կարգավորումներ, համաձայն որոնց՝ հանրային ծառայության ստաժը չի ներառի ինչպես օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրային ծառայության եւ պետական ու համայնքային պաշտոն զբաղեցնելու, այնպես էլ փորձագետ աշխատած եւ օրենքով հանրային ծառայության ստաժ համարվող ժամականահատվածները:

Զեկուցողը տեղեկացրել է նաեւ, որ կատարվել են մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ եւս:

Նախագծերի փաթեթի հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը դրական փոփոխություն է որակել նախագծերի մշակումն ու հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

Leave a Comment