Թաթոյանը դիմել է դատախազություն՝ ուսանողներին ՔՊ հավաքին մասնակցել պարտադրելու հարցով

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսին վերագրվող ձայնագրության հիմքով։

Դիմումի համար հիմք է հանդիսացել Թաթոյանի կողմից մայիսի 15-ի ասուլիսում հրապարակված ձայնագրությունը։ Ըստ Թաթոյանի՝ ձայնագրության մեջ քոլեջի դասախոսը, ով միաժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի ավագանու անդամ է, ուսանողներին պարտադրում էր մասնակցել ՔՊ-ի կազմակերպած նախընտրական հանրահավաքին։

Թաթոյանը պահանջել է վարույթ իրականացնել և պարզել բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունն այս գործում։ Այդ համատեքստում նա հնչեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցի, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անունները։

Թաթոյանը կոչ էր արել պարզել նրանց ներգրավվածությունը և նրանց կողմից հնարավոր հովանավորչությունը։

Նա շեշտել էր, որ նման դեպքերը կազմակերպված են բարձր մակարդակով, իսկ կատարողները ճնշումների տակ են։

«Հիմնական պատասխանատվությունը պետք է կրեն այսպիսի սխեմաների կազմակերպիչները»,- հավելել է Թաթոյանը։

Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ Թաթոյանը խորհուրդ է տվել նրանց նմանատիպ բռնաճնշումների ենթարկվելու պարագայում դիմել «Միասնության թևեր» կուսակցության թեժ գծին։

Leave a Comment