Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) երաշխավորել է Իրանի ազգային հավաքականին, որ 2026 թվականի Աշխարհի առաջնության ընթացքում մարզիկների բոլոր իրավունքները լիովին կպահպանվեն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ ըստ կանոնակարգի՝ հավաքականին և անձնակազմին վիզաների տրամադրումը հյուրընկալող կողմի պարտականությունն է, և երկու օր առաջ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ FIFA-ի բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցրել են, որ կառույցը կներդնի բոլոր ջանքերը՝ ընդունող երկրների կողմից այս նորմերի կատարումն ապահովելու համար։
Ավելի վաղ իրանական կողմը պահանջել էր անվտանգության երաշխիքներ ֆուտբոլիստների համար՝ Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության պատճառով։ Ապրիլի 30-ին Վանկուվերում կայացած կոնգրեսի ժամանակ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն արդեն իսկ հաստատել էր, որ Իրանի հավաքականը կմասնակցի Մունդիալին և իր խաղերը կանցկացնի ԱՄՆ տարածքում, ինչպես նախատեսված է չվացուցակով։
Խմբային փուլում իրանցիները երկու հանդիպում կանցկացնեն Ինգլվուդում. հունիսի 16-ին կմրցեն Նոր Զելանդիայի, իսկ հունիսի 21-ին՝ Բելգիայի հավաքականի հետ։ Հունիսի 27-ին Սիեթլում կայանալու է նրանց հանդիպումը Եգիպտոսի ընտրանու հետ։ Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը համատեղ հյուրընկալում են նաև Մեքսիկան ու Կանադան, և այն կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
