Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորումներին, Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտարարել է փոխվարչապետ, իրավապահ մարմինների գործունեության համակարգման պետնախարար Մամուկա Մդինարաձեն:
Նրա խոսքով՝ գերատեսչության կազմում կստեղծվի համապատասխան վարչություն, որը կիրականացնի համակարգված մոնիթորինգ և իրավական արձագանք կապահովի հանրային միջավայրում ատելության խոսքի ու ագրեսիվ հաղորդակցության դեպքերին:
«Գոյություն ունեն նվազագույն չափանիշներ, որոնք պետք է ընդունելի լինեն ողջ հասարակության համար, այդ թվում՝ հարգանքը միմյանց նկատմամբ և թշնամանքին, պառակտմանը, լարվածությանն ու բևեռացմանն ուղղված հաղորդակցության մերժումը», – նշել է Մդինարաձեն:
Նախարարն ընդգծել է, որ նորաստեղծ ստորաբաժանումը կենտրոնանալու է հասարակական միջավայրում առողջ հաղորդակցության պահպանման և թշնամական մթնոլորտի կանխարգելման վրա:
